Իրանից գազի ներմուծման խնդիր չկա. այս պահին միայն ԱԳԼՃԿ-ներին գազ չի մատակարարվում. Հակոբ Վարդանյան


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց գազամատակարարման սահմանափակումների մասին` կապված ցանցում առկա խնդիրների հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ գազամատակարարման ցանցում խնդիրների պատճառով «Գազպրոմ Արմենիան» որոշ ժամանակով դադարեցնում է գազի տրամադրումը, բայց սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիները՝ ՀՀ ողջ տարածքում, իրենց մաշկի վրա զգում են խնդիրը՝ 
գազալցակայաններում ու հանրային մի շարք վայրերում մատակարարման դադարեցման տեսքով:

Նախկինում «Գազպրոմ»-ում նման խնդրի դեպքում ՀՀ իշխանությունները մատակարարում էին պահեստավորած գազը, մինչ դեռ Mediaport-ի տեղեկություններով՝ Հայաստանն այսօր չունի պահեստավորած գազ, քանի որ եղած ռեսուրսը օգտագործվել է և չի վերականգնվել:

Նախկինում կար խնդրի լուծման ևս մեկ տարբերակ. ՀՀ իշխանությունների խնդրանքով՝ հարևան Իրանը մեծացնում էր Հայաստանին մատակարարվող գազի ծավալները և խնդիրը լուծվում էր մինչև ցանցի վերականգնումը:
Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանի կառավարությունից նման խնդրանքով ևս կապ են հաստատել Իրանի հետ, սակայն մերժում են ստացել:

 

Auroranews-ը կապ է հաստատել  «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Միքայել Հարությունյանի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք Հայաստանը չունի գազի պահեստավորված պաշարներ և ո՞րն է պատճառը: 

 

Մեզ խնդրեցին դիմել գրավոր հարցման տարբերակավ, որպեսզի պատասխանեն վերոնշյալ հարցերին: Նկատեցինք՝ գրավոր հարցման պատասխանը սովորաբար լինում է 5 աշխատանքային օրվա ընթացքում և 5 աշխատանքային օր հետո արված հրապարակումը ժամանակավրեպ կլինի: 

 

Խնդրի մասին խոսեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ ` Հակոբ Վարդանյանի հետ: 

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Լուրը, թե Հայաստանը չունի պահեստավորված գազ՝ բացարձակ սուտ է: «Գազպրոմ Արմենիայի» գազի պահեստարանի հնարավորությունների մաքսիմում չափով պահեստավորված գազ կա:  Պետք է նշենք, որ աս շրջանում գազի սպառման մակարդակը բավականին բարձր է՝ օրական 12.5 մլն խորանարդ մետր, իսկ ամռանը սպառման ծավալը մոտ 4-5 մլն խորանարդ մետր է լինում: Ըստ «Գազպրոմ Արմենիայի»  գազի պահեստարանի գազի օրական մաքսիմում բացթողման հնարավորությունը  6 մլն խորանարդ մետր է: Այդ պատճառով էլ եղել է նախազգուշական հայտարարություն, որ հնարավոր է գազանջատումներ լինեն: Իրանից գազի ներմուծման հետ կապված խնդիրներ չունենք, ավելին ասեմ՝ ներմուծման քանակն ավելացել է այս պահին հնարավոր ռեժիմների մակարդակում:  Այս պահին միայն ԱԳԼՃԿ-ներին գազ չի մատակարարվում, դա էլ արվում է անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ հոսանքի անջատումներ ևս չկան»,- նշեց մեր զրուցակիցը: 

 

 

Քաղաքականություն