Զավեշտալի բան եմ հայտնաբերել՝ հայկական կողմը 1998թ․ սկսած կարգավորման որևէ տարբերակ չի մերժել

Վերջին օրերին կրկին աչքի եմ անցկացնում արցախյան հակամարտության կարգավորման ողջ պատմությունը։ Մի զավեշտալի բան եմ հայտնաբերել՝ արցախյան առաջին պատերազմում հաղթած հայկական կողմը կարգավորման ողջ պատմության ընթացքում 1998թ․ սկսած կարգավորման որևէ տարբերակ (ընդհանուր պետություն, Քի Ուեսթ (Մեղրիի տարբերակ), Պրահա, Բուխարեստ, Փարիզ, Ռամբույե, Կազան և այլն) ՉԻ ՄԵՐԺԵԼ։

Անխտիր բոլոր առաջարկները, տարբեր հերթականությամբ և ինտենսիվությամբ, ենթադրել են բոլոր 7 տարածքների վերադարձ՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման։

Կարգավորման գրեթե բոլոր տարբերակներում, բացի ամերիկյան Քի Ուեսթում կարգավորման ողջ պատմության ընթացքում տարածքների փոխանակման միջոցով Մեղրիի միջանցքի վերաբերյալ Հայաստանի համաձայնությունից հետո ձեռք բերված պայմանավորվածության, անորոշ ժամկետի էր թողնում Լաչինի միջանցքի կարգավիճակի և Քելբաջարի վերադարձի հարցերը, բայց 5 շրջանները կարգավորման բոլոր առաջարկներում նախատեսված էր վերադարձնել հենց առաջին փուլում։

Ինչո՞ւ էր հայկական կողմը միշտ կողմ կարգավորման ռուսական, ֆրանսիական, կամ ամերիկյան առաջարկներին։

Երկու պատճառով՝ սկզբում վստահ էր, որ հայկական կողմի համաձայնությունից հետո Բաքուն անպայման մերժելու է առաջարկը, և երկրորդ, որ ավելի հատուկ էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին, երբ Հայաստանը ոչ թե պատրաստվում էր երկարաժամկետ, լայնամասշտաբ պատերազմի, այլ չորս առավելագույնը հինգ օրվա հակամարտության, այն համոզմամբ՝ թե Ռուսաստանը թույլ չի տա արցախյան պատերազմ, առավել ևս պատերազմի երկարատև ընթացք։

Այս ամբողջ ժամանակահատվածում, 2010 թվականից սկսած, Ռուսաստանն ինտենսիվորեն սկսում է զինել Ադրբեջանին։ Ադրբեջանը 1994թ․ պարտությունից հետո ամեն տարի ավելացնում էր իր ռեգիոնալ նշանակությունը, ավելի ու ավելի հուսալի գործընկեր էր դառնում միաժամանակ Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար։ Միաժամանակ ամրապնդում իր իրավունքները դիվանագիտական գետնի վրա։

Հայաստանի 1994 թվականից ի վեր որդեգրած արտաքին քաղաքականությունը ոչ մի սանտիմետր չի փոխել։ Ավելին, Հայաստանը 98 թվականից սկսած իր դիվանագիտական ջանքը ուղղել է մեկ նպատակի՝ ստատուս քվոյի պահպանման և ոչ մի դեպքում նոր պատերազմ թույլ չտալու, միաժամանակ ամբողջ 25 տարի զբաղվել է պետության սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը մաշելու, հանձնելու և հանձնվելու վրա։

Այս ողջ ժամանակահատվածում արդիական բանակ, զինված ուժեր կառուցելու, ժամանակակից սպառազինություն ձեռք բերելու փոխարեն, մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածել է պետության ամենամեծ բյուջետային հաստատության՝ բանակը թալանելու, զինվորի անվտանգության հաշվին հարստանալու մասին։

Միաժամանակ չենք մոռացել 2000 թվականից սկսած գոյացնել 100 միլիոն դոլարի պարտք, պարտքի դիմաց երկրի գույքը, Հայռուսգազարդը, երկաթուղին, Ատոմակայանի կառավարումը, ՀԷՑ-ը և ստրատեգիական այլ օբյեկտներ հանձնել Ռուսաստանին՝ ակնկալելով իշխանության անցնցում երկարաձգում, չհաշված քաղաքական հետապնդումները, սպանություններն ու Մարտի 1, Հոկտեմբերի 27, ապրիլի 12-ը, որոնք հնարավոր եղավ մարսել մեծապես հենց Ռուսաստանի օգնությամբ և իհարկե Ռուսաստանի օգնությամբ ստատուս քվոյի ամրապնդում։

Այս ամենից հետո Հայաստանը ստացավ 2018 թվականի հեղափոխություն, որի արդյունքում իր համար իբր անցանկալի իշխանություններ, նոր համաշխարհային մարտահրավերներով պայմանավորված Թուրքիայի ներգրավմամբ իր ուզած ժամկետներում սկիզբ առած և թուրք-ադրբեջանական դաշնակիցների ցանկությամբ վերջացած պատերազմ, և իհարկե պարտված ու ջախջախված ռազմավարական դաշնակից Հայաստան, որի հետ ինչպես ուզես կվարվես՝ այդ թվում այս 25 տարիների ամենակարևոր նպատակի իրագործումը՝ տարածաշրջանի կոմունիկացիաներն ապաշրջափակելու վերաբերյալ Հայաստանի կարճաժամկետ և միջնաժամկետ շահերի հետ ոչ մի կապ չունեցող ստորացուցիչ հայտարարությունների ստորագրում։

Քաղաքականություն