Վախերը չարդարացան. Մոսկվայում տեղի ունեցածը ՀՀ ներքաղաքական կյանքի վրա լուրջ անդրադարձ չի ունենա

Տարեվերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին։ Հրապարակում նրա հրաժարականը պահանջող ուժերը, սակայն, այս առաջարկին չեն ընդառաջել՝ համարելով, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընտրություններն արդար չեն անցնի։

Արտախորհրդարանական դաշտի մի շարք ուժեր էլ դրական են արձագանքել այս հայտարարությանը՝ համարելով, որ դա ստեղծված իրավիճակի միակ օպտիմալ լուծումն է։

Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած բանակցությունները և դրա արդյունքները արդյոք կարագացնե՞ն գործընթացները նաև ներքաղաքական դաշտում։

«Հանուն Հանրապետության» կուսակցության  ներկայացուցիչ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե այն գործընթացը, որ եղավ Մոսկվայում, լուրջ ազդեցություն կունենա ՀՀ ներքաղաքական իրավիճակի վրա, քանի որ ներքին դաշտում դերակատարներն  արդեն դիրքավորվել են, ու պայքարը գնում է որոշակի տեղ զբաղեցնելու համար. «Իշխանությունը փորձում է  վերալեգիտիմացվել արտահերթ ընտրությունների միջոցով, իսկ նախկինում իշխանության մեջ եղած, այժմ  մարգինալ ուժերը փորձում են հնարավորություն չտալ ժողովրդավարական գործընթացների շարունակականություն ապահովել, որովհետև ժողովրդավարական գործընթացների ապահովման շարունակականության պայմաններում իրենք չեն կարող իշխանության հայտ ներկայացնել»։

Նրա  խոսքով՝  այդ ուժերը պետության մեջ փորձում են  ձևավորել այն ավանդույթները, որ կային նախկինում. «Իշխանություն, ընդդիմություն և քաղաքական դաշտի այլ դերակատարներ նշանակելու տրամաբանությունը նորից դարձնել ակտուալ»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ ներքաղաքական պրոցեսների վրա Մոսկվայում տեղի ունեցածն էական ազդեցություն չի ունենա: «Մենք բոլորս մտավախություն ունեինք, որ մեզ կարող է նոր սյուրպրիզ ու պարտադրանք լինել, բարեբախտաբար այդ սպասելիքները չեղան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց. «Ինձ զարմացրեց նաև «16 +-»-ի այն քարոզչությունը, որ հանդիպումից հետո սկսեցին տարածել։ Փաստորեն Նիկոլը հակադարձել է  Պուտինին, որ հակամարտությունը դեռ կա, ու Արցախի կարգավիճակի հարցով Մինսկի խումբը պետք է զբաղվի։ Այս առումով ապշեցրեց նրանց արձագանքը։ Մտածում են՝ Պուտինն ինչ ասաց, մենք պետք է հլու-հնազանդ կատարե՞նք։ Ստացվում է, որ այդ ուժերը ներկայացնում են Ռուսաստանի շահերը և ոչ Հայաստանի։ Նիկոլն իր պարտված հոգեվիճակով կարողացավ արտահայտել այդ մտքերը, իսկ իրենք դրա դեմ քարոզչություն են անում»։

Մակեյանի դիտարկմամբ՝ մեծ հաշվով էական ոչինչ չի փոխվել, և առկա վախերը չեն արդարացել։