Որոտանի ու Քարահունջի ավելի քան 24 ընտանիք կորցրել է տունն ու այգիները. Շուռնուխից 40 մարդ ապրուստի միջոց չունի. «Փաստինֆո»

Որոտանում, Շուռնուխում ու Քարահունջում իրականացված սահմանազատման հետեւանքով տուժած քաղաքացիների թիվը ճշտվում է։ Շուռնուխում մոտավորապես 40 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ 12 ամառանոցային տուն էլ Որոտանից անցել է Ադրբեջանին, դրան զուգահեռ բազմաթիվ քաղաքացիներ Որոտանում կորցրել են իրենց այգիները։ Ավելի քան 12 տուն ու մի քանի այգի էլ կորսվել է Քարահունջից։

Գորիսի համայնքապետարանում հաշվառում են նաև սահմանազատման հետևանքով տասնյակ քաղաքացիների կորցրած գույքը։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ բնակիչներից հավաքագրում են սեփականաշնորհման վկայականները, կատարում քարտեզագրում։

Տնից, ապրուստից զրկված բնակիչների խնդիրները համայնքը փորձում է իր հնարավորությունների շրջանակներում լուծել. համայնքի ղեկավարի կարգադրությամբ շինարարություն կիրականցվի սահմանամերձ գյուղերում։ Բնակարաններ են կառուցելու՝ տրամադրելու այն մարդկանց, ովքեր տունն են կորցրել ու փորձելու են ակտիվ պահել սահմանամերձ գյուղերը։ Ինչպես նշեց Մ.Հովսեփյանը՝ գյուղատնտեսական առումով ավելի շատ փոփոխություն կկատարեն, բնակիչներին կօգնեն նաև անասնապահության հարցում, հիմա ծրագրեր են մշակում։

«Ամեն ինչ պետք է անենք, որ մարդկանց ապրելակերպը կարողանանք ինչ-որ ձևով կազմակերպել, որովհետև վիճակն այնքան էլ հաջող չէ»,- ասաց Հովսեփյանը։

Այս պահին համայնքը հնարավորության սահմանում փորձում է փոխհատուցել բնակիչների կրած վնասները, որոշ չափով էլ համայնքի ղեկավարն է իր անձնական միջոցներով փորձում մարդկանց օգնել, կառավարությունից էլ դեռ չեն արձագանքել։

Շատ են այն բնակիչները,ովքեր տունն ու փոքր այգին կորցնելով, կորցրել են եկամտի միակ աղբյուրը։
«Որոտանում տուն կորցրածներից մեկն այսօր այցելել էր համայնքապետարան։ Ինքն ունի խնդիր՝տունն է եղել նրա ապրուստի միջոցը ու այսօր ինքն դժվարանում է վճարել երեխայի ուսման վարձը։ Բնականաբար ամեն ինչ անելու ենք, այդ խնդիրները լուծելու համար, որովհետև նրանց խնդիրները Գորիս համայնքապետարանի խնդիրն է փաստացի»,- ասաց Մենուա Հովսեփյանը։

Գորիսում խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Դեռ պատերազմի ընթացքում մեծ հոսք է եղել Արցախից եւ այս պահին էլ նրանք բնակվում են Գորիսում։ Վերջիններս ևս տուն են կորցրել։ Համայնքապետարանից վստահեցնում են՝ Արցախից Գորիս տեղափոխվածների թիվը շատ է։

«Փորձում ենք համատարած բոլորի խնդիրները լուծել։ Շուշիից կամ Հադրութից տեղափոխված անձը կամ ընտանիքը նույն խնդիրն ունի, ինչպես Որոտանում տուն կորցրած մարդը»,- ասաց համայնքապետի տեղակալը՝ հավելելով, որ Գորիսում չեն համակերպվելու այս կարգավիճակի հետ։

«Բացառվում է այսպես ապրել, սա երկար չի կարող շարունակվել։ Այս խնդիրը պետք է տրամաբանական լուծում ստանա, իսկ դրանք բազմաթիվ են։ Մենք հույս ունենք ու ամեն ինչ անելու ենք, որ խնդիրը ճիշտ ու քաղաքակիրթ ձևով լուծվի, որովհետև մենք և թուրքը մեկ փողոցում իրար հետ չենք ապրելու՝ դա բացառվում է։ Մենք մեր ունեցածի ու պապական ժառանգության տերն ու տիրակալն ենք»։

Մ.Հովսեփյանը տեղեկացրեց նաեւ, Գորիսում արդեն բնակարանաշինության մրցույթ են հայտարարել, քանի որ չեն ուզում գյուղերը դատարկված տեսնել։