Ադրբեջանական կողմում գերեվարված մոտ 10 կին կարող է լինել. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանական կողմում գերեվարված մոտ 10 կին կարող է լինել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ադրբեջանցիների կողմից գերեվարված հայ անձանց իրավունքներով զբաղվող իրավաբանական խմբի անդամ Սիրանուշ Սահակյանը։

 

Նա տեղեկացրեց, որ այս պահին ունենք 5 գերեվարված կին քաղաքացիական անձինք, ովքեր վերադարձվել են, սակայն դեռևս ունենք կանայք, ովքեր ադրբեջանական կողմում են։ «Լիբանանահայ Մարալ Նաջարյանի՝ ՄԻԵԴ ներկայացված խնդրագրով զբաղվել է կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակը։ Այդուհանդերձ, մենք կասկած չունենք, որ այդ կանայք նույնպես բռնության են ենթարկվում, քանի որ բռնությունը մասսայական, սիստեմատիկ է և չէր կարող բացառություն լինել, անմարդկային վերաբերմունքը ևս տարր է կազմում, իսկ թե ինչ կարգավիճակում են այժմ՝ կարող է խոսել լիազոր ներկայացուցիչը»։

Նա ընդգծեց, որ բոլոր հայտնի գերեվարված անձանց առնչությամբ խնդրագրեր են ներկայացվել ՄԻԵԴ և բոլորի կյանքը և ֆիզիկական անձեռնմխելիությունը գտնվում է պաշտպանության ներքո։ «Այլ հարց է, թե պրակտիկայում ինչ խնդիրներ են լինում և Եվրոպական դատարանն ապագայում ինչպես կարձագանքի ադրբեջանական անբարեխղճությանը, բայց առնվազն իրավական գործընթացներում նրանց կյանքը և ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանված է։ Ինչ վերաբերում է վերադարձին՝ ապա վերադարձի ենթակա հայ գերեվարված անձանց թվաքանակը գերազանցում է 100-ը և պարզապես պետք է փոխադարձ պայմանավորվածությունների հարգում և բարեխղճություն, որպեսզի խնդիրը հանգուցալուծում ստանա։ Հայկական կողմի խնդիրները կամ չեն բարձրաձայնվում կամ բարձրաձայնվելու դեպքում հավանության չեն արժանանում բանակցության մյուս կողմից, արդյունքում դրանք բաց են մնում։ Այս ամենը պետք է դիտարկել քաղաքական պրոցեսների կոնտեքստում, եթե կան տարաձայնություններ և Հայաստանի հանդեպ պարտավորություններ են խախտվում և Հայաստանին հարկադրում են նոր պարտավորություններ, բայց մեր արտաքին քաղաքականության պատասխանատուները լռում են և դրան վերաբերվում են որպես նորմալ երևույթների՝ այստեղ դրական տեղաշարժ չենք կարող ակնկալել»։