Եռակողմ հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև դադարեցրեց արյունահեղությունը. Պուտին

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից: Այս մասին այսօր իր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով ԼՂ-ում պատերազմի բռնկման պատճառներին:

«Լարվածությունը ձգվել է երկար տարիներ: Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել արտաքին միջամտության արդյունքում: Բազմիցս բախումներ են եղել, փոխհրաձգություններ: Արդյունքում դա վերածվեց հակամարտության»,- նշել է նա:

Պուտինի խոսքով՝ ԼՂ հարցում ՌԴ դիրքորոշումը հստակ է եղել՝ պետք է պայմանավորվածությունների հասնել առանց արյունահեղության:

Անդրադառնալով Թուրքիայի գործոնին` ՌԴ նախագահը նշել է.

«ԼՂ խնդրի վերաբերյալ Թուրքիայի տեսակետը հայտարարվել է հրապարակայնորեն՝ նրանք պաշտպանում էին Ադրբեջանի դիրքորոշումը, այն է՝ 90-ականներին «օկուպացված» տարածքների վերադարձ: Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ բոլոր տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են»:

Պուտինը հիշեցրել է` Հայաստանը ԼՂ անկախությունը չի ճանաչել, ուստի միջազգային իրավունքի տեսակետից՝ ԼՂ-ն ևս Ադրբեջան է:

«Իրավիճակը, սակայն, իմ կարծիքով՝ առավել բարդ է, քան նորմատիվ կանխադրույթները. այս էթնիկ հակամարտության արմատները հասնում են Սումգայիթ: Այստեղ կողմերից յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի. ԼՂ հայերը ժամանակին զենք են վերցրել՝ իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու, և ստեղծվեց այս իրավիճակը»,- ասել է նա:

 

Ըստ Պուտինի ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած տարածքային խնդիրները անհրաժեշտ է լուծել բանակցությունների միջոցով: 

«Մենք պայմանավորվել ենք, որ դադարեցվում են ռազմական գործողությունները ու պայմանավորվել ենք, որ կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ եղել են հայտարարության ստորագրման պահին: Սրա հետ կապված առաջացել են որոշակի տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ, ընդ որում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Սրանք պետք է լուծել հանգիստ` բանակցային գործընթացի ընթացքում, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է դրա բոլոր հնարավորությունները, քանի որ այնտեղ նշված է այն մասին, որ հրադադարի հաստատումից հետո պետք է տարածաշրջանում հարաբերությունների ամբողջական կայունացում լինի` տնտեսական ու ենթակառուցվածքային ապաշրջափակմամբ: Դա վերաբերում է նաև Նախիջևանին, Հայաստանի հարավին ու հյուսիսին: Այն բռնկումը` հրադադարի ռեժիմի խախտման, որը տեղի ունեցավ, հույս ունեմ, որ կլինի միակը և հնարավոր կլինի բոլոր պայմանավորված կողմերին նստեցնել բանակցությունների շուրջ»,- ասաց Պուտինը:

 

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ ստորագրված եռակողմ հայտարարությունը շատ կարևոր է, որովհետև դադարեցրեց արյունահեղությունը, մարդիկ դադարեցին զոհվել, իսկ մնացածը երկրորդական է:

«Մարդկանց կյանքի ու առողջության պահպանումն ամենակարևոր խնդիրն է, որը մենք լուծել ենք»,- նշեց ՌԴ նախագահը: