Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով ՀՀ Կառավարության 27.09.2020 թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել:
Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը.
«2020 թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ Հայտարարություն) գրավոր համաձայնության մասին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում»:
2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո առ այսօր հայտարարված ռազմական դրությունը չի վերացվել:
2020 թվականի նոյեմբերի 10-ից առ այսօր չի լուծվել ռազմագերիների հայրենադարձման հարցը:
ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Նշված նորմից հետևում է, որ ռազմական դրությունը պետության, հասարակության բնականոն ռիթմից և պայմաններից տարբերվող ռեժիմ է, որին պետությունն անցնում է վտանգներն առավել արդյունավետ ձևով չեզոքացնելու նպատակով:
Չանդրառնալով ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հիմնավորվածությանը՝ ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը պահպանելու հիմքեր չկան:
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, անկախ նրանից՝ ռազմական դրություն է հայտարարված, թե՝ ոչ:
Այս պահի դրությամբ ռազմական դրության ռեժիմը ոչ միայն վնասում է քաղաքացիներին՝ նրանց իրավունքների լիարժեք իրականացման համատեքստում, այլ նաև կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը:
Ռազմագերիների փոխանակմանը վերաբերող Հայտարարության 8-րդ կետում որևէ ժամկետ չի նշվել, ինչը բնականաբար ձևական առումով Ադրբեջանը կարող է շահարկել:
Մեր կարծիքով, կարելի է վկայակոչել Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 118-րդ հոդվածի պահանջն առ այն, որ՝ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՆ ԱԶԱՏՎՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՎՈՒՄ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ:
Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Գերագույն խորհրդի) 31.03.1993 թ. Հ.Ն-0790-I որոշմամբ, իսկ Ադրբեջանը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Միլլի Մեջլիսի) 21.04.1993 թ. N 573 որոշմամբ, հետևաբար Կոնվենցիան երկու պետությունների համար իրավունքներ և պարտականություններ է առաջացնում:
Հայաստանի Հանրապետությունը կարող է Հայտարարության 8-րդ կետի և Կոնվենցիայի 118-րդ հոդվածի վկայակոչմամբ պնդել, որ ռազմագերիների հարցը պետք է լուծվի անմիջապես, քանի որ Կոնվենցիայի նշված պայմանն առկա է, այն է՝ ռազմական գործողությունները դադարեցվել են:
Այս տեսակետից, որպեսզի Ադրբեջանը զրկվի իր առարկելու իրավունքից, պետք է վերացնել ռազմական դրությունը, հակառակ դեպքում, Ադրբեջանը կարող է այդ փաստը ձևական առումով վկայակոչել իր պարտավորությունը չկատարելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուր...
Հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ. վիրավորում է ստացել երեք պահեստազորային. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինվ...
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի...
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranew...