Լաչինից մի փոքր այն կողմ՝ Լիսագորի ուղղությամբ դեպի Շուշի, խմբեր կան, որոնց խոցեցինք, երեկ փախան, լցվեցին անտառներն աջ ու ձախ

Թշնամին նախ հյուսիսային և կենտրոնական ուղղությամբ և հարավում փորձել է տարբեր հարձակումներ իրականացնել՝ ոչ մեծ խմբերով։ Մոտավորապես, վաշտային մարտավարական խմբեր՝ մի քանի միավոր զինտեխնիկայով։ Կարմիր շուկայի ուղղությամբ են նորից փորձել ակտիվանալ․ կորցնելով մի քանի միավոր տեխնիկա՝ հետ են շպրտվել: Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հարցազրույցի տաղավարում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

«Շուշիի հարակից գյուղերում ու անտառներում շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման ու ոչնչացման աշխատանքները։ Ալիևը ներկայացնում է, թե իրենք հարձակվում են Շուշիի վրա, միջազգային մամուլն են այդպես լցնում, իրենց հանրությանն են կերակրում։ Բայց ես զարմացած եմ․ այդպիսի պատերազմի ձև չեմ տեսել, որ հարձակվող կողմին փնտրես, գտնես, որ ոչնչացնես։ 

Ինչ է նշանակում, որ հարձակվում են, եթե մենք իրենց փնտրում ենք, գտնում ենք, 15-20 հոգանոց խումբ է, 1-2-ին խփում ենք, մնացածը փախչում են խիտ անտառներ՝ շատ վատ ճանապարհային ցանցով, որտեղ մեծ զրահատեխնիկա օգտագործել չես կարող։ Շրջանցում են մեկ այլ տեղից, որտեղ փորձում են գտնել թույլ տեղեր, մտնել գյուղեր, վնասել, դրոշ դնել, նկարներ, հետո մեր տղաները մտնում են, սկսում են փախչել։ 

Ասում ենք, որ այդ ձորակների մեջ, որտեղ տեղի ունեցող օպերացիան «Գյոռբագյոռ 2020» ենք անվանել, իրենք շարունակելու են գյոռբագոռ լինել»,- նշեց Հովհաննիսյանը։

 

Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ հակառակորդի համար բարեհաջող պայմաններ ու դիրքեր հնարավոր էր միայն մեկ դեպքում, եթե կարողանային ճեղքել Մարտունու ուղղությամբ, սակայն մի քանի օր համառորեն փորձերն արդյունք չեն տվել։

«Երեք-չորս օր փորձեցին, չստացվեց դեպի Մարտունի, դեպի Ճարտար դուրս գալ, որ ամբողջ մայրուղին վերահսկեն, և իրենց զորքից ձախ՝ Ավետարանոց, Կարմիր շուկա, Ազոխ գյուղերում իրենց խմբավորումները կփրկվեին, առանձին-առանձին կոտորվելու ճակատագրից կազատվեին, չստացվեց, և հիմա գյոռբագյոռը շարունակվում է։

Երևի Ալիևը մեծ գումարներ է խոստացել, կամ պատժի վտանգի տակ է ստիպում, որ ամեն մեկը մի դրոշ վերցնի ու գոնե մեկը կարողանա մտնել բերդաքաղաքի որևէ անկյունից ներս»,- նշեց Հովհաննիսյանը։

Բերձոր քաղաքում էլ, որի ուղղությամբ նույնպես հակառակորդը դիվերսիոն խմբերով ներթափանցման ձախողված փորձեր էր կատարել, ամեն բան կարգին է, մարդիկ ապրում են բնականոն իրենց կյանքով՝ հավելեց ՊՆ ներկայացուցիչը։

«Բայց Լաչինից մի փոքր այն կողմ՝ Լիսագորի ուղղությամբ դեպի Շուշի, խմբեր կան, որոնց խոցեցինք, երեկ փախան, լցվեցին անտառներն աջ ու ձախ։ Այսօր ամբողջ օրն ականանետով, հրետանիով, մաքրող խմբերով փնտրել ենք, գտել ենք, մաքրել ենք կամ փախել են»,-նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա թշնամու առաջին խնդիրը Շուշի մտնելն է։