
Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարևանների կառուցողական ջանքերին.Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հարևան պետությունների ջանքերին:
«Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարևանների կառուցողական ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Մենք կողմ ենք բոլոր գործընկերների հետ աշխատելուն, այդ թվում՝ հակամարտող կողմերի հարևանների հետ, որոնք հնարավորություն ունեն ներազդելու կողմերի վրա՝ քաղաքական-դիվանագիտական եղանակով հանգուցալուծման հասնելու համար»,- ասել է Լավրովը:
Պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկին՝ Անկարայի և Մոսկվայի մասնակցությամբ բանակցային ձևաչափ ստեղծելու մասին, նախարարն ասել է, որ առաջարկներ շատ կան բանակցային ձևաչափի, այդ թվում դրա ընդլայնման մասին, և այդ հարցը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվան չի աջակցում հակամարտության ռազմական լուծման տարբերակին: «Երկու ժողովուրդներին դիտարկելով որպես բարեկամական և եղբայրական՝ չենք կարող կիսել նման գաղափարը: Բացառապես քաղաքական կարգավորման օգտին հստակ արտահայտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները»,- շեշտել է նախարարը:
Վերջինս նշել է, որ Ռուսաստանն աշխատելու է թուրք գործընկերների հետ՝ հակամարտության ռազմական սցենարը դադարեցնելու համար:
Լավրովը հավելել է, որ ՌԴ-ի կողմից թելադրանքը Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անտեղի կլիներ: «Հաշվի առնելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի հետ Ռուսաստանին կապում են ընդհանուր պատմությունը, մշակույթը, մարդասիրական և տնտեսական հարաբերությունները, թելադրանքի դրսևորումը, պարտադրումը մեր կողմից առավել քան անտեղի կլիներ»,- նշել է դիվանագետը:
Վերջում նախարարը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի չափանիշների համաձայնեցման շուրջ աշխատանքը շարունակում է, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: