F-16 ինքնաթիռները կատարում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում. ՀՕՊ զորքերի պետի տեղակալ

ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը տեղեկացրեց, որ մամուլի ասուլիսից առաջ ստացել են տեղեկատվություն, որ հակառակորդի հերթական Սու-25 տեսակի ինքնաթիռ է խոցվել: 

Մովսեսյանը հայտնեց, որ F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները Ադրբեջանի տարածքում հայտնվել են դեռևս հուլիսին՝ թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմավարական  զորավարժությունների նախապատրաստման ժամանակ:  

ՀՕՊ զորքերի պետի տեղակալի խոսքով՝ ինչպես զորավարժությունների նախապատրաստման, այնպես էլ զորավարժությունների անցկացման ընթացքում նշված ինքնաթիռներն ակտիվ գործողություններ են իրականացրել: 

«Ակտիվ ուսումնամարզական, ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել Արցախի պետական սահմանի ամբողջ երկայնքով՝  հիմնականում թիրախավորելով Գյանջա, Վարդենիս, Գյանջա - Քարվաճառ, Գյանջա-Մարտակերտ, Ստեփանակերտ և Հադրութ ուղղությունները: Զորավարժությունների ավարտից հետո նշված ինքնաթիռները Թուրքիայի Հանրապետության տարածք չեն վերադարձել, մնացել են տեղակայված Գյանջայի օդակայանում: 

Հետագայում՝ սեպտեմբերի 23-ին, Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն իրականացրել է Գյանջա օդակայանում տեղակայված F-16 ինքնաթիռների, նրանց  անձնակազմերի և տեխնիկական կազմի հերթափոխ: Պետք է նշեմ, որ վերաթռիչքը  Թուրքիայի տարածքից Ադրբեջանի տարածք իրականացվել է Վրաստանի օդային տարածքով»,- ասաց Մովսեսյանը՝ նշելով, որ  Ադրբեջանի կողմից այս տարվա սեպտեմբերի 27-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակողական գործողությունների սկզբից Թուրքիայի F-16 ինքնաթիռներն ակտիվորեն ներգրավված են եղել մարտական գործողություններին: 

Գարիկ Մովսեսյանը հայտնեց, որ այդ ներգրավվածության մասին  խոսում են մի շարք փաստեր. օրինակ՝ սեպտեմբերի 27-ին Գյանջա - Սոթք - Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ և Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 երկու ինքնաթիռ խախտել են ՀՀ օդային տարածքը՝ մինչև 6 կմ խորությամբ: 

«Սեպտեմեբրի 29-ին՝ ժամը 12:16-ի սահմանում, Մինգեչաուրի  ջրամբարի շրջանում հերթապահություն իրականացնող F-16 ինքնաթիռը, հայտնաբերելով ՀՀ խորքից դեպի պետական սահման թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի Սու-25 ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, ուղղություն է վերցրել դեպի պետական սահման  և սահմանից մոտավորապես  60 կմ հեռավորության վրա արձակած  հրթիռով խոցել մեր Սու-25 ինքնաթիռը: 

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարություններով հանդես է եկել, որ Թուրքիան անմիջական մասնակցություն ունի և մարտական գործողություններին ներգրավում է նաև ավիացիա: Հետագա իրենց գործողությունները թաքցնելու նպատակով  հոկտեմբերին 3-ին հակառակորդը Գյանջա օդակայանից  իրականացնում է F-16 ինքնաթիռների վերահենակայանում Գաբալա օդակայան: Եթե մինչև այդ գործողությունները իրականացնում էր առանձին ինքն իր խմբով, դրանից հետո փոխում է նաև մարտավարությունը և սկսում է գործել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիայի հետ համատեղ»,- ասաց Մովսեսյանը:  

ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նշեց, որ F-16 ինքնաթիռները կատարում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, նրանց կողմից ՀՀ և ԱՀ տարածքներին հրթիռային և ռմբային հարվածներ հասցնելու ընթացքում աջակցում են նրանց գործողություններին և պատսպարում»,- ասաց Մովսեսյանը:

 

Հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ-Շտաբի պետ Գարիկ Մովսեսյանը նաեւ անդրադարձել է  Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների 18 օրվա ընթացքին, ասելով, որ  խոցել են հակառակորդի ավելի քան 180 օդային հարձակման միջոց, այդ թվում, հաստատված տվյալներով, 15 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ և տարբեր բնույթի ԱԹՍ-ներ: Գնդապետ Մովսեսյանը հավելեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, որպեսզի ՀՕՊ-ը լինի ինքնաբավ, կարողանա կատարել օդային սահմանների պաշտպանության և պահպանության մարտական խնդիրները: 

 

Քաղաքականություն