
Այսօր Մոսկվայում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մոսկվայում կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Զ.Մնացականյանը կրկին Մոսկվայում էր, հանդիպել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարարի հետ, անցկացվել էին Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ խորհրդակցություններ։ Հանդիպումից հետո արտաքին գործերի նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Կան տասնյակից ավելի զոհեր քաղաքացիների և հարյուրավոր զոհեր զինծառայողների շրջանում: