Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց այնուամենայնիվ մենք պատերազմում ենք գտնվում. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Ադրբեջանի զինված ուժերը որևէ նշանակալի մարտավարական գործողություններ չեն կարողացել իրականացնել, կրելով վնասներ՝ հետ են շպրտվել, թեկուզ նաև այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությամբ այսօր չեզոքացվել էր՝ շնորհիվ հակաօդային և այլ ստորաբաժանումների գործողությունների: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մեր զորքի մարտական ոգին չափազանց բարձր է: «Այսօր ծանոթացել եմ մի հրետանավորի հետ՝ սպայի, հերոսի հետ, ով հակառակորդի ինտենսիվ կրակի տակ վիրավորված մարտադաշտից դուրս չի եկել, մինչև չի հասել դիմացինի մարտկոցների ոչնչացմանը, այսպիսի օրինակները բազում են»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է, զինված ուժերը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին, հետախուզական նկրտումներին և լիովին տիրապետում են իրավիճակին: «Չեմ կարծում, որ Երևանը վտանգված է, բայց այնուամենայնիվ մենք պատերազմում ենք գտնվում»,-ասաց նա:

Նա նշեց, որ Հայաստանի, Արցախի բանակը փաստացի կռվում է թուրք-ադրբեջանական զինված ուժերի և միասնության դեմ:  «Փաստացի Ադրբեջանի զինված ուժերի կառավարումը, եթե ոչ ամբողջովին, ապա գոնե զորատեսակի մասով հանձնված է Թուրքիայի զինված ուժերին և իրենց փոխայցելությունները, քննարկումները մեզ համար նորություն չեն»,-ասաց նա:

Քաղաքականություն