ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրայր Թովմասյանի կերպարը հոգնեցրել է, իսկ Խունդկարյանի հետ պայմանավորվածություն չկա. Ալեն Սիմոնյան

Նման պայմանավորվածությունից տեղյակ չեմ եւ չեմ էլ կարծում, թե նման պայմանավորվածություն է եղել։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընդլայնված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ նախագահ առաջադրվելու մասին լուրերը։

«Ես տեսա Թովմասյանի ճեպազրույցը, որտեղ նա ասում էր, թե նորընտիր դատավորների լեգիտիմության հետ կապված խնդիրներ է տեսնում։ Ընդհանրացնելով պարոն Թովմասյանի հարցազրույցը, կարող եմ ասել, որ ինքը լեգիտիմության պակաս չէր տեսնում Սերժ Սարգսյանի պարագայում, չէր տեսնում նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ինքն ընտրվում էր ԱԺ պատգամավոր, ուստի նրան մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետեւ նա շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է, որը, եթե, չեմ ուզում այդ բառն օգտագործել․․․  Ճիշտ կլիներ, որ նա հրաժարական տար ու հեռանար, որովհետեւ նրա կերպարը ձանձրացրել է ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ հանրությանը»։

Երվանդ Խունդկարյանի ընտրությունը կբավարարի՞ ՍԴ-ի մասին իշխանության պատկերացումներին՝ հարցին ի պատասխան, Ալեն Սիմոնյանը մեջբերում է արել վարչապետ Փաշինյանից, թե արդյո՞ք սա իրենց երազած ՍԴ-ն է, իհարկե, ոչ, սակայն, ըստ Սիմոնյանի, պետք է հաշվի առնենք մի շարք գործոններ, եւ հասկանանք, որ չենք կարող բավարարել բոլոր շահագրգիռ կողմերին եւ պետք է նայենք պետականության շահերի տեսանկյունից։

«Կարծում եմ, որ այն որոշումը, որը բուռն քննարկումից հետո կայացրել է ԱԺ-ն, պետք է ընդունել ի գիտություն», ասել է Ալեն Սիմոնյանը։

 

Տեսանյութը` 24news.am-ի


 

Քաղաքականություն