ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում կրկին բողոքի ակցիաներ են սկսվել ոստիկանի կողմից ևս մի սևամորթի սպանության պատճառով

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքում կրկին բողոքի ակցիաներ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը սևամորթ մի քաղաքացու է սպանել, գրում է Associated Press-ը։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է Ռիկարդո Մունոսա անունով 27-ամյա մի երիտասարդ, որը տնից դուրս գալուց հետո դանակով հետապնդել է ոստիկանության՝ կանչի վայր ժամանած աշխատակցին։ 

Ոստիկանի մարմնին տեղադրված տեսախցիկի միջոցով նկարահանված տեսանյութում լսվում է, թե ինչպես է նա փախչում սևամորթ երիտասարդից, այնուհետև մի քանի կրակոց արձակում նրա ուղղությամբ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպից հետո ոստիկանության աշխատակցին ազատել են ծառայությունից։ Շրջանային դատախազությունը պատահարի հանգամանանքների քննություն է սկսել։ 

Նշվում է, որ այսօր առավոտից մի քանի հարյուր մարդ է հավաքվել Լանքասթերի ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ։ Ոստիկանությունից նշել են, որ ցուցարարները սկսել են աղյուսներ, ջրով լի շշեր, քարեր նետել իրավապահների ուղղությամբ։
«Ցուցարարների խումբը ցուցումները չի կատարել և ամբոխը ցրելու համար քիմիական նյութեր են կիրառվել»,- հայտարարել են ոստիկանությունից և հավելել, որ արցունքաբեր գազ նույնպես օգտագործվել է։ 
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցեր էին սկսվել ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները: Այս սպանությանը հաջորդող ամիսների ընթացքում ոստիկանների կողմից կրկին մի քանի սպանություններ են իրականացվել, բացահայտվել են նաև նախկինում տեղի ունեցած սպանության նմանատիպ դեպքեր։ 

Այս դեպքերից զայրացած ամերիկացիները ամիսներ շարունակ բողոքի ցույցեր են իրականացնում երկրի ամբողջ տարածքում՝ հանդես գալով խտրականության դեմ և պահանջելով խստագույնս պատժել ոստիկաններին։