Հասարակություն

Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ. Մարության

WRed 154 դիտում
Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ. Մարության

Բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը 40 տարուց ավելի հին են, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Տարիներ շարունակ բնակիչները վախը սրտում նստում էին վերելակ. հանկարծ էլի չխափանվի:

2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ փոխարինեց: Նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին: Այս տարվա հունվարին արդեն քաղաքապետ Մարությանը որոշեց հնգապատկել ծրագրի ծավալները:
Արդեն տեղադրված նոր վերելակների հնարավորություններին առաջինը ծանոթանում է Երևանի քաղաքապետը:

Վերելակները, որպես ընդհանուր բաժնային սեփականություն, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով պատկանում են բնակիչներին: Բայց հաշվի առնելով խնդրի սոցիալական կողմն ու քաղաքացիների կյանքին և առողջությանն սպառնացող վտանգը՝ մասշտաբային ու անիրագործելի թվացող ծրագիրը համայնքը նախաձեռնեց սեփական ուժերով: Քաղաքի բյուջեով նման ծավալի աշխատանք առաջին անգամ է արվում:

«Վերջին 28 տարվա մեջ ամբողջությամբ փոխվել է 35 վերելակ: Այս պահին մենք արդեն փոխում ենք 520 վերելակ»,– ընդգծել է քաղաքապետը:
Մաշված խցիկներ ու դետալներ, հորանների վատ վիճակ ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներով քաղաքապետարանն ընտրեց առաջնահերթ փոխարինվող վերելակները:

Մշակված մոդելի համաձայն, համայնքն այժմ փոխում և անվճա՛ր հանձնում է նոր վերելակները բնակիչներին՝ որպես բաժնային սեփականություն: Փոխարենը բնակիչները պետք է նախապատրաստվեն փոխարինման հաջորդ փուլին, որպեսզի 20 կամ 25 տարի հետո նորից կանգնած չլինեն վերելակների փոխարինման խնդրի առաջ:

«Բնակիչները պետք է սկսեն այսօրվանից հավաքել միջոցներ, որ 25 տարի անց արդեն իրենց ուժերով փոխեն իրենց վերելակները: Սա այն համակարգն է, որը 25 տարի անց կապահովի ամբողջ Երևանի վերելակային ֆոնդը»,– ընդգծել է քաղաքապետը:

Տեղադրվող նոր վերելակները հարմարեցված են նաև տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Սա պահանջ էր, որ դրված էր մրցութային հայտի հիմքում:

«Բոլոր վերելակների բացվածքն այնպիսին է, դա իմ պայմաններից մեկն է եղել, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են հեշտությամբ մուտք և ելք ունենալ: Շատ կարևոր ևս մեկ հնարավորություն. վերելակներն աշխատում են UPS համակարգով, և եթե անսպասելի հոսանքի անջատում լինի, վերելակը չի կանգնում այդտեղ, մոտենում է մոտակա հարկին և բացվում է»,– նշել է Հայկ Մարությանը:

Այս պահին միաժամանակ փոխարինման աշխատանքներ են 124 կետում: Ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ:
Վերելակների փոխարինման ծրագիրը, բացի բուն նպատակից, ևս մի կարևոր խնդիր է լուծում՝ հարյուրավոր մասնագետների ապահովելով աշխատատեղերով և ընդհանրապես, խթանելով ոլորտի զարգացումը մեր երկրում:

«Ծրագիրը նաև աշխատատեղերի խնդիր է լուծում: Մեր հայրենակիցներից շատերը վերադարձել են թե՛ Ռուսաստանից, թե՛ Բելառուսից, և ներգրավված են այս վերելակների տեղադրման աշխատանքներում»,– նկատել է քաղաքապետը:
Վերելակների փոխարինման ծրագիրը կշարունակվի նաև առաջիկա տարիներին: Խոսքն առնվազն 3000 վերելակի մասին է: Իսկ նախքան այդ, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հին վերելակները կնորոգվեն վարչական շրջանների բյուջեով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250