Գեղարքունիքում մինչ օրս կորոնավիրուսով վարակվել է 1600 մարդ. մարզպետ

Գեղարքունիքի մարզում այս պահին կորոնավիրուսի համաճարակի պատճառով փակ համայնքներ չկան: Այս մասին այսօր Սեւանի ափին հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Արդեն շուրջ 20 օրից ավելի է, ինչ հիվանդների թիվը մարզում 50-60-ից չի անցնում»,- նշեց մարզպետը։

Սանոսյանն ասաց, որ վարակի տարածման կանխմանը մեծապես նպաստեցին նաեւ տեղային բռնկումների հետեւանքով որոշ համայնքների ելումուտն արգելելու մասին՝ պարետատան որոշումները:

«Ցավոք, ունեցանք այդպիսի բռնկումներ, բայց ոստիկանության եւ համայնքների համատեղ աշխատանքի արդյունքում խոշոր բռնկումները կարողացանք կասեցնել»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ համավարակի սկզբից մինչ օրս Գեղարքունիքում վարակվել է 1600 մարդ, մահերի թիվը 21 է:

«Ներկա պահին մարզում 260 հիվանդ կա, որոնցից 63-ը բուժում է ստանում մարզում ու հանրապետության հիվանդանոցներում, մնացածը՝ տանը»,- ասաց մարզպետը։

Քաղաքականություն