Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային կազմում է մոտ 650 հոգի, նրանցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ. Արսեն Թորոսյան

Շաբաթ-կիրակի օրերին Հայաստանում գումարային արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդացության մոտ 1000 նոր դեպք։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կիրակի օրվա թվերն ավելի պակաս են, քան շաբաթ օրվա թվերը՝ պայմանավորված թեստավորումների ցածր թվով։ Սակայն տոկոսային առումով մենք ունենք գրեթե նույն պատկերը։ Այսինքն՝ կատարված թեստերի մոտ 30 տոկոսն արձանագրվում է որպես նոր դրական դեպք։ Դա, իհարկե, լավ է այն իմաստով, որ աճ չկա։ Սակայն վատ է այն իմաստով, որ այդ թվերը մնում են բացարձակ առումով մեծ։ Այսինքն՝ մեր խնդիրը մնում է նույնը՝ շարունակել իրականացնել մեր գործողությունները, որպեսզի նաև բացարձակ թվերով ունենանք անկում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ երեկվա դրությամբ Հայաստանի մահճակալային ֆոնդն արդեն հասել է 2600 մահճակալի, որից 2300-ը սովորական մահճակալներ են և մոտ 300-ը՝ վերակենդանացման։ «Այս մահճակալային ֆոնդի զբաղվածությունը կրկին մնում է բարձր, հատկապես բարձր է մնում վերակենդանացման բաժանմունքների զբաղվածությունը։ Եթե նույնիսկ հիմա ունենք մի քանի ազատ մահճակալ ռեանիմացիաներում, դրանք շատ արագ զբաղեցվում են։ Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային կազմում է մոտ 650 հոգի, որոնցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ։ Հարաբերականորեն բարվոք է իրավիճակը տանը սպասող մեր քաղաքացների մասով։ Ժամը 3-ի դրությամբ մենք փաստացի չունենք որևէ քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալացման խնդիր, բայց հոսպիտալացված չէ։ Սա այն ցուցանիշն է, որը հնարավորություն է  տալիս գնահատել, թե ինչքան պատշաճ են մեր հնարավորությունները ստեղծված իրավիճակին»,- հավելեց նախարարը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ ապացուցվում է, որ դիմակների կրումն արդյունավետ է։ Եթե այդպես չլիներ, մենք կունենանք օրական պատիկով ավելի շատ դեպքեր, քան այսօր գրանցվում են։

Քաղաքականություն