Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ

Արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած: Այս նպատակին հասնելու առաջին քայլի մեկնարկը տրված է․ Ոստիկանությունը հայտարարում է նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթ։

Ընդհանուր տեղեկություն՝ Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց եւ Ոստիկանության ծառայողների համար․

Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձեւով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երեւան քաղաքը:            

Ոստիկանության ծառայողների (այսուհետ՝ ծառայող) մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձեւով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, եւ նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երեւան քաղաքը:

 

Ուսուցման տեւողությունը 5 ամիս է:

Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, եւ նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային): 

Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:         

 

Ովքե՞ր կարող են մասնակցել մրցույթին․

 

Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչեւ 35 տարեկան եւ 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 5-րդ մասով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:

 

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ծառայողները, բացառությամբ.

 

հեռակա ուսուցման ձեւով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում, ինչպես նաեւ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.

40 տարեկանը լրացած իգական եւ 45 տարեկանը լրացած արական սեռի ծառայողների.

զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձեւավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաեւ ոստիկանության համակարգում պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:

Դիմորդի (ծառայողի) տարիքը եւ ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ:           

Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 770 տեղ, որից 540 տեղը արական սեռի դիմորդների (ծառայողների) համար, իսկ 230 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ծառայողների) համար:     

 

Դիմորդները (ծառայողները) առողջական վիճակի ստուգման նպատակով մինչեւ ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում չեն թույլատրվելու ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ ԿԱ ոստիկանության պետի եւ ՀՀ առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված՝ ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկին համապատասխան (16.05.2003թ. թիվ 6-Ն եւ 19.05.2003թ. թիվ 361-Ն):      

 

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, որտե՞ղ եւ ի՞նչ ժամկետում․

 

Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետեւյալ փաստաթղթերը. 

          

անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ եւ անձնագիր կամ, անձնագրի փոխարեն, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝պատճենով. 

Դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում).    

կրթության մասին վկայական` դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով.  

4 լուսանկար (4x6 չափսի).     

զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար) կամ դրանով հաստատվող փաստերը հավաստող տեղեկանք զինվորական կոմիսարիատից՝ կնիքով.  

մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաեւ ամուսնության վկայականը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը եւ դրանց պատճենները.   

     

տեղեկանք բնակության եւ հաշվառման վայրերից.  

            

«B» կարգի վարորդական վկայականը՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում).           

կրթության մասին վկայականում «Հայոց լեզու» առարկայի ուսումնառությունն ավարտած լինելու մասին նշման բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից տրված` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող տեղեկանքը:   

       

Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաեւ իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաեւ առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Odnoklassniki եւ այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:  

Ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը: Ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 12-րդ կետում նշված տեղեկությունները։ 

Դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:  

 

Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա: 

Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման եւ ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով: Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, Կրթահամալիրում ստուգումներին մասնակցելու համար ստուգման թերթը ստանալիս ընդունելություն-մրցույթի գործընթացի կազմակերպման եւ անցկացման համար յուրաքանչյուր ստուգման ձեւի համար վճարում է 1500-ական Հայաստանի Հանրապետության դրամ (ընդհանուրը 3000 ՀՀ դրամ): Գումարները մուտքագրվում են կրթահամալիրի բանկային հաշվին:

 

Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց եւ դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:    

Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:

 

Ի՞նչ ստուգումներ են անցնելու դիմորդները ընդունելության մրցույթի համար․

 

Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.

 

ֆիզիկական պատրաստականության ստուգումը.

մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:

 

Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:  

Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ծառայողին) զրկելու տվյալ եւ հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:          

Ստուգումների արդյունքները դիմորդներին (ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:    

Անհարգելի պատճառով ստուգուման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից: 

 

Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձեւի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:      

Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ծառայողները) անցնում են հարցազրույց:   

Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովն իր կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ծառայողների) անձնական որակները եւ արժանիքները, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության եւ հաղորդակցության հմտությունները։

 

Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:     

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, եւ որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը: 

    

Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝        

ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,

ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր: 

Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:

 

Այլ տեղեկություններ․

 

Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչեւ նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ծառայողի հետ, մինչեւ նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:    

Ոստիկանության ծառայողը եւ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`  

առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.

մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

 

Ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`      

 

ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.

ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.

ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով: 

 

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ կրթահամալիրի պետի հրամանով:  

Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:                

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), սույն թվականի հուլիսի 07-ից մինչեւ օգոստոսի 7-ը ներառյալ, բացի կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն եւ 14.00-ից 16.00-ն:           

Դիմորդների փաստաթղթերի ընդունման աշխատանքների ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով, նախքան փաստաթղթերը կրթահամալիր ներկայացնելը անհրաժեշտ է անցնել նախնական հերթագրում: Այդ նպատակով անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 06-ից սկսած, աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 13.00-ն եւ 14.00-ից 17.30-ն զանգահարել +37410 772085  կամ +37410 772038 հեռախոսահամարներով, հայտնել դիմորդի անուն, ազգանունը եւ կրթահամալիրի աշխատակցից իմանալ փաստաթղթերը ներկայացնելու` իր համար նշանակված օրը եւ ժամը: Հերթագրումը կարող է կատարվել նաեւ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին դիմորդի անուն ազգանունը ուղարկելու եւ պատասխան նամակով առաջարկված օրը եւ ժամը կրկնակի նամակով հաստատելու ձեւով:          

Կրթահամալիրի տարածք մուտք գործելը թույլատրվում է միայն դիմակով:  

                  

Ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն սույն թվականի հուլիսի 07-ից մինչեւ օգոստոսի 07-ը ներառյալ:  

Ընդունելություն-մրցույթի ստուգումները կանցկացվեն սույն թվականի սեպտեմբերի 01-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը ներառյալ:                

Նախատեսված ժամկետները կարող են փոփոխվել` պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ:          

 

Կապի միջոցներ․

 

Տեղեկությունների համար դիմել հետեւյալ միջոցներով`

ՀՀ արդարադատության նախարարություն՝ +37410 594028, [email protected];

ՀՀ Ոստիկանության կրթահամալիր՝ +37410 778033;

ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ +37411584971:

Պատահարներ