ՀՊՏՀ ռեկտորը դիմել է նախարարին՝ իր լիազորությունները դադարեցնելու համար
ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է այն մասին, որ դիմել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ իր լիազորությունները դադարեցնելու խնդրանքով, որպեսզի շահարկումներին վերջ տալու համար մասնակցի ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին:
Գալոյանը, մասնավորապես, գրել է.
«Սիրելի՛ գործընկերներ, ուսանողներ
Ինչպես գիտեք, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է ՀՊՏՀ ՊՈԱԿ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ։ Ես պատրաստվում եմ մասնակցել մրցույթին և այդ պատճառով դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ հուլիսի 1-ից ռեկտորի պաշտոնակատարի լիազորություններս դադարեցնելու խնդրանքով։ Լինելով ռեկտորի թեկնածու՝ հավատացած եմ, որ սա թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար, խուսափել հետագա շահարկումներից և կնպաստի հայտարարված մրցույթի առավել թափանցիկ ու անաչառ անցկացմանը։
Այս ամիսների արդյունավետ աշխատանքի համար ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, իմ շատ սիրելի ՀՊՏՀ կոլեկտիվին և ուսանողներին, գործընկեր կազմակերպություններին: Վերջին ամիսները բոլորիս համար ծանր փորձության ամիսներ էին, բայց մենք միասնաբար հաղթահարեցինք բոլոր դժվարությունները։ Վստահ եմ՝ դեռ երկար ենք աշխատալու միասին՝ լինելով ՀՊՏՀ առաջընթացի ականատեսը։ Առո՛ղջ եղեք»: