Ուզում են ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, ուզում են կերտեն իրենց նման եղկելի կերպար. վարչապետ

Ասում են՝ եթե այդ խուզարկությունը եղել է փետրվարին, բա ինչի՞ մինչեւ հիմա  պատշաճ քննություն չի արվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեր կապված քրեական գործի ապաույցներին:

«Բա ես էլ եմ էդ ասում: Ո՞վ է ասում, որ էդ հարցը դուք եք տալիս, առաջւին հերթին ես եմ տալիս այդ հարցը, որը պետք է պարզաբանվի: Եվ այդ հարցը պարզաբանվել է եւ դրա արդյունքում է նաեւ, որ կայացվել են կոնկրետ որոշումներ: 1,5 տարի ասում եմ՝ իրավապահ համակարգը պատշաճ ձեւով չի քննում կոռուպցիոն եւ հարակից գործերը: Բա դրա մասին ենք ասում:

Չհասկացա, կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփանակաշնորհեն, մեկն էլ կա ընտանիքից, որ ասում է՝ ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չեմ գա: Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ է տալիս՝ դուրս եկեք ֆեյսբուքից, եւ հաղորդակցվեք իրականության հետ: Դու մի հատ կուխնուց դուրս արի, հետո նոր ուրիշներին խորհուրդ տուր»,-ասաց Փաշինյանը:

«Իսկ նրանք ձեւը գտել են, ուզում են մեզ ներքաշել մի անիմաստ խոսակցության մեջ: Մենք ասում ենք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի ընտանիք, «Ձորահէկը» գողացել եք, «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, «Հիլթոն» հյուրանոցը ձերն ա, «Օպերա սյուիթ» հյուրանոցը ձերն ա, Հայաստանի լրատվական դաշտը սեփականատերերից, ըստ էության, զոռով խլել եք՝ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն, այլ հեռուստաընկերություններ: Մենք ասում ենք՝ ընտրությունների կեղծման համակարգ է  գոյություն ունեցել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն է ղեկավարել՝ սկսած սոցիոլոգիական հարցումներից, վերջացրած էքզիթ-փոլերով, վերջացրած կոնկրետ ընտրական տեղամասերում ընտրական միջադեպեր բեմադրելով:

Էդ որ ընդդիմադիր լրագրողներն ասում էին՝ էսինչ ընտրատեղամասում ընտրակեղծիք է, բոլոր լրագրողները, դիտորդները վազում էին այդտեղ, դա Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից գծված պլան է եղել, որ բոլորին կենտրոնացնել մի տեղամասում, իսկ մնացած տեղամասերում այդ ընթացքում շաղգամն իր գործն անում էր: Ասենք, ուրիշի անձնագրով քվեարկության փորձ է արվել, ընտրակեղծարարը բռնվել է: Բնականաբար բոլոր դիտորդները լրագրողները՝ սպեցնազով գնում են այնտեղ, վերջում պարզվում է, որ 50-ամյա քաղաքացին սխալմամբ վերցրել է կնոջ անձնագիրը:

Ու այդ 50-ամյա կնոջ անուն-ազգանունը նախապես որոշված է եղել ՀՀԿ-ի, ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի ընտանիքի կողմից: Ասել են՝ քաղաքացի ջան, էսինչ օրը, էսինչ ժամին պատահաբար կվերցնես կնոջդ անձնագիրը, կգնաս կտաս, հետո աղմուկ-աղաղակ կլինի, մինչեւ մյուս տեղամասերում հարցերը լուծենք:

Հիմա մեզ ասում են՝ մաքսանենգություն ես անում եւ ինչու է դա կոնկրետանում իմ ընտանիքի վրա, որ մենք մաքսանենգ ենք, որ մենք կոռուպցիոներ ենք, ռեկետյոր ենք: Այսինքն մեզնից ուզում են ստանալ իրենց կերպարը: Իրենց հասկացել են, որ իրենց կերպարն է հեղափոխության հիմնական շարժիչ ուժը եւ քանի որ ուզում են հեղափոխություն անեն, ուզում են, որ այդ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան, կերտեն իրենց նման եղկելի կերպար: Սա է իրենց ամբողջ նպատակը, բայց այդ նպատակը չի անցնի:

Ֆիլմերից մեջբերում անելը ընդունված չի այստեղից, բայց մի շատ հայտնի ռուսական ֆիլմ կա հայտնի նախադասությամբ, որտեղ ասում է. «Քեզ թվում է ուժը փողի մե՞ջ է, ոչ, ճշմարտության մեջ է ուժը»: Որեւէ կասկած չկա, որ այդ կոռումպացված համակարգին բոլորին մի զամբյուղով ենթարկելու ենք կապիտուլյացիայի, որովհետեւ մեր թիկունքում, մեր մտքում մի բան կա՝ ճշմարտությունը:

Մենք քայլելու ենք այդ ճանապարհով, ափսոս, որ շատերն այդ ճանապարհին հետ են մնացել, հետ են մնում եւ հետ կմնան անդառնալիորեն եւ անվերադարձ»,-հայտարարեց Փաշինյանը:


 

Քաղաքականություն