Արամ Վարդանյանին նման մեղադրանք չի առաջադրվել. փաստաբաններ

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել։ Այս մասին հայտարարություն են տարածել Արամ Վարդանյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությաը, թե ՔԿ-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Երեւանի բնակիչը առերեւույթ սուտ տեղեկություններ հաղորդելով, ճանաչել է մինչեւ 3 տարեկան երեխայի հայրությունը եւ այդ հիմքով դատարանը պատժից համաներմամբ ազատել է, իբրեւ վերաբերում է Արամ Վարդանյանին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որը Հայկական ժամանակի կայքը կապել է Արամ Վարդանյանի հետ։

Նշենք, որ, ըստ տարածված հաղորդագրության նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Մենք, որպես Արամ Վարդանյանի պաշտպաններ, չենք կարող հայտնել, թե նշված հաղորդագրությունը ում է վերաբերվում, քանի որ Արամ Վարդանյանին նման մեղադրանք չի առաջադրվել, նման որոշում չի տրամադրվել։

Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին, ապա հարկ է նշել, որ դրանք իրականացվում են բոլոր բարոյական եւ իրավական սահմանների անցմամբ։

Հիշենք, որ նույն Հայակական ժամանակ օրաթերթի հրապարակմամբ (կարծում եմ հարկ չկա հիշեցնել, թե ովքեր են դրա տերերը) Արամ Վարդանյանի անունը կապվում էր քաղաքական գործընթացների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ տեղեկությունները շինծու էին եւ այդ մասին հայտարարեց Արամ Վարդանյանը, այդուհանդերձ նրա նկատմամբ քրեական հետապնդման ընթացքում զարգացումները ուղիղ կապ ունեն քաղաքական գործընթացների հետ։ Հարկ է ուղղակի հետեւել նրա տան վրա հարձակումների, խուզարկությունների, մեղադրանքների ժամանակագրությանը։ Ինչ վերաբերում է արհեստական հետապնդումների ընթացքում նրան առաջադրված, գուցե առաջադրվելիք մեղադրանքներին, ապա դրանք բոլորը հերքվել, հերքվում են ու հերքվելու են ապագայում։ Իրավական վակխանալիան հավերժ տեւել չի կարող»։

 

Քաղաքականություն

Պատահարներ