Սա առաջին գործն է, որի քննությունը տեւել է մեկ տարուց ավելի․ Հրայր Թովմասյանը՝ Քոչարյանի գործի մասին
Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հարցը օրակարգում չընդգրկել չէինք կարող: Այս մասին, այսօր ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու" երեկ շտապ կարգով հարցը ներառվել է ՍԴ օրակարգում:
«Օրենքը ասում է, որ գործը կասեցումից հանվում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո: Հիմա կասեցման երկու հիմք կար՝ ՄԻԵԴ-ի կարծիքը եւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալը: Մեկը հրապարակվել է մայիսի 28-ին, մյուսը՝ հունիսի 18-ին: Ինքս դրա մասին տեղեկացվել եմ հունիսի 19-ի երեկոյան: Դա ուրբաթ օր էր, ես ե՞րբ պետք է այդ հարցն ընդգրկեի օրակարգում, եթե ոչ հենց առաջին նիստին: Իսկ առաջին նիստը երկուշաբթի էր: Այստեղ ի՞նչ տարօրինակ բան եք տեսնում: Չընդգրկելու դեպքում՝ պետք է հարցնեիք՝ ինչու չեք ընդգրկել: Դա նույն է, որ հարցնեք՝ ինչու եք եկել աշխատանքի»,-ասաց նա:
Թովմասյանը հայտնեց, որ Քոչարյանին վերաբերող դիմումները ստացել են 2019-ի մայիս-հունիս ամիսներին և, որ սա առաջին գործն է, որի քննությունը տեւել է մեկ տարուց ավելի, իսկ քննությունը նշանակված է եղել հուլիսի 7-ին, որն էլ ՍԴ հերթական նիստի օրն է եղել:
«Եղել է դեպք, որ վարչապետի խնդրանքով 3 օրում ենք քննել, վերաբերվել է վարկային համաձայնագրերին: Դա նորմալ է»,-ասաց Հրայր Թովմասյանը: