370 նոր պլանշետ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի խմբի երեխաներին

ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր պլանշետների և եռամսյա ինտերնետային քարտերի տրամադրում նշված մարզերի առավել խոցելի ընտանիքների երեխաների հեռավար կրթության կազմակերպման համար:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի ղեկավար Աստղիկ Մովսիսյանը:
Ողջույնի խոսքում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ մշտապես նկատելի է ԵՄ գործընկերությունն ու աջակցությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում: Նախարարը շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) նախանշված գործընկերային մեծածավալ միջոցառումները, որոնցից շատերը ներկայումս ընթացքի մեջ են:

Նախարարի խոսքերով` այդ հսկայական աջակցության մի փոքրիկ վկայությունն էլ ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դպրոցահասակ երեխաների հեռավար կրթության կազմակերպման նպատակով 370 դպրոցահասակ երեխաների համար պլանշետների և ինտերնետային քարտերի տրամադրումն է։

Իր ելույթում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին` հաղթահարել համավարակի մարտահրավերը:

«Մենք գիտենք, որ Հայաստանի կարիքն ավելի մեծ է, քան սարքավորումների այն խմբաքանակը, որ մենք հատկացնում ենք: ԵՄ բյուջետային աջակցության ծրագրով ավելի լայնածավալ աջակցություն ենք նախատեսում»,- նշել է Ա. Վիկտորինը և ավելացրել, որ ԵՄ-ն կշարունակի համագործակցությունը Հայաստանի հետ` հանուն ՀՀ քաղաքացիների ավելի լավ ապագայի:

ԵՄ դեսպանը հատուկ շեշտել է համավարակի պայմաններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը` ընդգծելով, որ նրանք ամենախոցելի վիճակում են գտնվում:


 

Քաղաքականություն

Պատահարներ