Սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, և դրանք պիտի վճարվեն. Փաշինյանի ճեպազրույցը՝ հակահամաճարակային կանոնների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով՝ այն ուղղելով բոլոր այն մարդկանց, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները։ Փաշինյանը նշում է, որ օր օրի ավելանում է կանոնները պահողների թիվը։
Ավելանում է նաև նրանց թիվը, ովքեր ակտիվորեն հորդորում են մյուսներին՝ հետևել կանոններին։ Փաշինյանն անդրադարձավ նաև առավոտյան տեղի ունեցած իր ուղիղ միացմանը, որի ժամանակ անդրադարձել էր կանոնները չպահպանելու պատմահոգեբանական կողմին։ Նա նշեց, որ շատերն են մեկնաբանություններում համաձայնել իր այդ մոտեցման հետ, այդ թվում՝ փորձագետներ։
Փաշինյանը նշեց, որ իրենք հակահամաճարակային կանոնները պահպանելու գործում կներգրավեն քաղաքացիական հագուստով ոստիկանների, որոնք անձամբ գործողություններ չեն անի, սակայն կարգախմբերի օգնությամբ վարչական իրավախախտումները կֆիքսեն:
ՙՄեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակը տարածվում է մոտ հասցեներում, այսինքն՝ բակերից է այն տարածվում, և կներգրավվեն նաև քաղաքացիական անձինք, որոնք 2-ական խմբով կհսկեն բակերը: Վարակի տարածման հիմնական աղբյուրը բակերն են, հոգեհանգստյան արարողությունները և «ընդհատակյաե հարսանիքները՚:
Վարչապետը կոչով դիմեց նաև քաղաքացիներին, որ զանգեն 1-02 հեռախոսահամարով, եթե ականատես են լինում հակահամաճարակային կանոնները չպահպանելու դեպքերի։
Փորձը ցույց է տալիս, որ շատ քաղաքացիներ չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և դրա համար էլ ուժեղացվելու են վարչական լծակները։
ՙԱյսպիսի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, դրանք չեղարկվելու են։ Ես ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, այդպիսի հույսերն իզուր են։ Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, և դրանք պիտի վճարվեն։ Չնայած՝ մեր ցանկությունը քաղաքացիներին տուգանելը չէ՚։
Մենք մեր մաքսային կետերում ընթացակարգերը սրբագրել ենք այնպես, որ արտահանումը տեղի ունենա հնարավորինս արագ: Այս մասին ևս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլեր են արվում սահմանային անցակետերում գործընթացները արագացնելու հետ կապված, քանի որ գյուղատնտեսական մթերքների արտահանման շրջան է սկսվում, որոնք շուտ են փչանում:
ՙՎրաստանի եւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ մենք կապի մեջ ենք եւ Վերին Լարսում ունենք արդեն ներկայացուցիչ եւ ես հույս ունեմ, որ մենք ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով: Համենայնդեպս, այս պահին որեւէ անհանգստացնող ազդակ չունենք՚,-ասաց նա:
Մեր ամենամեծ առավելությունը և, թերևս, ամենամեծ պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ։ Այդ մասին նշել է վարչապետը՝ անդրադառնալով կառավարության ու առողջապահության նախարարության թույլ տված սխալների ազդեցությանը։
«Մենք մեր բացթողումները, սխալները, անհաջողությունները թաքցնելու և մեղմելու խնդիր չունենք։ Մենք ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, որպեսզի ճիշտ լուծումների գանք։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին մեղադրելուն, ինչպե՞ս կարելի է։ Ի վերջո, քաղաքացին է դառնում այս իրավիճակի թիվ 1 զոհը։ Ինչպես կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում հայտնվում է։ Տվյալ դեպքում մենք պետք է և պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ներկայացնել ճշմարտությունը, թե որոնք են այն պատճառահետևանքային կապերը, որոնք մեզ բերում են այս վիճակին»։