Ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ, լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Բարձրագույն սպայակազմին ներկայացրեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Օնիկ Գասպարյանին։

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ, լեյտենանտ Արտակ Դավթյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Պետք է արձանագրել, որ այս ընթացքում Զինված ուժերում հսկայածավալ աշխատանք է կատարվել, հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել և իհարկե ձևավորվել է շատ մեծ օրակարգ, որը դեռ պետք է իրրագործվի։ Ես ուզում եմ ողջունել և շնորհավորել ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ, գեներալ,լեյտենանտ Օնիկ Գասպարյանին։ Պարոն Գասպարյանն էլ Զինված ուժերում նոր մարդ չէ և պարոն Դավթյանի նման անցել է զինվորական ծառայության առաջխաղացման բոլոր աստիճաններով։ Արդեն երկար ժամանակ զբաղեցնում էր ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Անկեղծ ասած, վարչապետի պաշտոնում ավելի մոտիկից շփվելով մեր Զինված ուժերի հետ, մի շատ կարևոր ու հաճելի արձանագրում եմ արել։ Ըստ էության, կարող ենք ասել, որ զինվորականությունը, որպես խավ կայացել է ՀՀ-ում և զինվորականությունն այսօր մի մեծ ընտանիք է, որը մեր պետականության ողնաշարի դերն է կատարում և որի առկայությունը ամենակարևոր երաշխիքն է մեր պետականության, մեր ինքնիշխանության։ Իհարկե, ինչպես ցանկացած պետություն, ՀՀ-ն ևս ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ, բայց ներքին մարտահրավերներն այնքան արտահայտված և ուժեղ չեն լինելու և չեն, որքան արտաքին մարտահրավերները և այս գործում իհարկե մեր հիմնական ուժն ու երաշխիքը Զինված ուժերն են և ՀՀ կառավարությունը պարտավոր է ամեն ինչ անել Զինված ուժերի համար պայմաններ ստեղծելու առումով։ Կարծում եմ՝առաջիկայում պարոն Դավթյանի հետ կվերլուծենք մեր համատեղ աշխատանքը, կարձանագրենք, թե ինչ է մեզ մոտ ստացվել, ինչ չի ստացվել և հույս ունեմ կգանք ընդհանուր եզրահանգումների։ Պարոն Գասպարյան, դուք այս ընթացքում լիարժեք ներգրավված եք եղել և մասնակիցն եք եղել տեղի ունեցող պրոցեսներին և համոզված եմ,որ փոփոխությունների ժառանգությունը ոչ միայն կապահովվի, այլև մեր օրակարգը և մեր խնդիրների լուծման որակն էլ ավելի կբարելավվի և ձեր ղեկավարությամբ Զինված ուժերն ամենօրյա ռեժիմով կդառնա ավելի մարտունակ»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ Զինված ուժերի իմիջը և հանրային վերաբերմունքը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա և սա ամենալավ արձանագրում է, որ կարող ենք անել։
 

Պատահարներ