Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները. Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ:
«Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ:
Հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:
Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության:
Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես, ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:
Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:
Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...