«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն պետությանը պատճառել է 613 միլիոն դրամի վնաս
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ (100 տոկոս պետական մասնակցությամբ) գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները:
Ուսումնասիրվել են Ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման և օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը, հաստիքացուցակը և փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը, ինչպես նաև իրականացված գնման գործընթացները:
Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառված շուրջ 613 միլիոն դրամի վնաս և (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ:
Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաև, որ Ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում Ընկերությունը կարող է լիարժեք և անխափան գործունեություն իրականացնել, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին:
Ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր առմամբ, պարզվել է, որ՝
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները Ընկերության գործադիր մարմնի կողմից խախտման հետևանքով Ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ,
- Հայկական ավիաընկերություններից մեկը տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված 2014թ. ընթացքում Ընկերության նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետև, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ Ընկերության գործադիր մարմինը չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները՝ քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
- Ընկերությունը չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին իրավական ակտերը ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ և նրանց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ,
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև Ընկերությունում և ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ,
- Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել հաշվարկվել և վճարվել շուրջ 3,1 միլիոն դրամ,
- Ընկերության կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 7,4 միլիոն դրամի չափով պարգևատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ,
- Աուդիտորական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով: