ՓՊ եզրակացությունը՝ փաստաբան Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելու վերաբերյալ
24.04.2020 թվականի ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում անձնական խուզարկության է ենթարկվել փաստաբան Արման Արզումանյանը: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հեռավար նիստ է անցկացրել և հրապարակել եզրակացություն.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ, նաև՝ Պալատ) փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), մասնակցությամբ՝ համակարգող Գևորգ Մկրտչյանի, անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի, Ռոման Ահարոնյանի, Արսեն Մկրտչյանի և ներկայությամբ՝ փաստաբան Արման Արզումանյանի, ուսումնասիրելով վերջինիս կողմից ներկայացված դիմումը և տեսանյութը, ինչպես նաև լսեց նիստի ընթացքում տրված բանավոր բացատրությունները՝ իրեն ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում (այսուհետ` Բաժին) 24.04.2020թ. անձնական խուզարկության ենթարկելու փաստի վերաբերյալ, արձանագրել է, որ.
1) հետաքննության մարմինը, տվյալ դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմին չի հանդիսացել,
2) առերևույթ բացակայել է անձին բերման ենթարկելու մասին որոշումը, քանի որ այն չի ներկայացվել փաստաբանին, ինչպես նաև վերջինիս վստահորդին,
3) բացակայել է նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի` քննիչի հանձնարարությունը, իր վարույթում քննվող քրեական գործով իրականացնել բերման ենթարկելու որոշման պահանջը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետ),
4) փաստաբան Արման Արզումանյանի վստահորդը բաժին է բերման ենթարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջների խախտմամբ,
5) փաստաբան Արման Արզումանյանն անձնական խուզարկության է ենթարկվել «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի երաշխիքների խախտմամբ` իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, երբ փորձել է կանխել իր վստահորդի իրավունքների առերևույթ խախտումները,
6) փաստաբան Արման Արզումանյանը կանգնած է քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի առաջ` իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ինչի արգելքն ուղղակիորեն նախատեսված է Օրենքի 21-րդ հոդվածով,
7) փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը չի հետապնդել իրավաչափ նպատակ և ուղղված չի եղել բացառապես վերջինիս վստահորդի բջջային հեռախոսը վերցնելուն, քանի որ, անգամ դրա տեղը մատնանշելուց և ոստիկանների կողմից այն վերցնելուց հետո, փաստաբանի անձնական խուզարկությունը շարունակվել է, որի արդյունքում վերջինիս գրպանից հանվել է նաև նրա անձնական բջջայինը, ստուգվել է գրպանների ամբողջ պարունակությունը,
8) հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոչընդոտել հնարավոր է միայն քրեական հետապնդման մարմնի օրինական գործունեությանը` փաստաբան Արման Արզումանյանի արարքը չի կարող պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ:
Հանձնաժողովը, վկայակոչելով նաև համապատասխան իրավակարգավորումները հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն անթույլատրելի է համարում փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքների ցանկացած սահմանափակում և խստորեն դատապարտում ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնում ոստիկանների կողմից, իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն իրականացնելիս փաստաբան Արման Արզումանյանին անձնական խուզարկության ենթարկելը:
- ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խստորեն դատապարտում է փաստաբան Արման Արզումանյանի նկատմամբ իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու ցանկացած նախաձեռնություն և քրեական հետապնդման մարմիններին հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց»։