Առանց օդանավակայանների հետ կնքված պայմանագրի, տարածքում տաքսի ծառայություն մատուցելը կառաջացնի տուգանք՝ 50 հազար դրամի չափով. նոր նախագիծ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսում է տաքսի ծառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխություններ կատարել։
Նախարարությունը ցանկանում է մարդատար-տաքսի ավտոմեքենաներով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար լիցենզավորման պետական տուրքի հավասար պայմաններ ստեղծել։ Մասնավորապես՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման համար առաջարկվում է սահմանել լիցենզիայի տարեկան տուրք 100 հազար դրամ:
Այժմ Հայաստանում 46 ընկերություն տաքսի ծառայություն է մատուցում 1-ից 4 ավտոմոբիլով եւ լիցենզիայի համար տարեկան վճարում է 100 հազար դրամ պետական տուրք, 67 ընկերություն՝ 5 եւ ավելի ավտոմոբիլներով է ծառայություն մատուցում եւ լիցենզիայի դիմաց վճարում են տարեկան 200 հազար դրամ պետական տուրք։ Իսկ ֆիզիկական անձանց կողմից 1 մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների համար լիցենզիայի պետական տուրքը հանվել է: Նախարարությունը կարծում է, որ սա անհավասար պայմաններ է ստեղծում ոլորտում։
Նախարարությունը միաժամանակ առաջարկում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցող եւ փոխանցող կազմակերպությունների գործունեությունը։
Նշվում է, որ այդ ոլորտը փաստացի դուրս է մնում վերահսկողությունից, անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ, որոնք ունեն հարկային պարտավորություններ: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, իսկ ոլորտում գործունեություն իրականացնողներին օրինական դաշտ բերելու նպատակով, պատվերների փոխանցումը կատարել միայն լիցենզավորված կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:
Միեւնույն ժամանակ նախարարությունը ոլորտում անվտանգության եւ ուղեւորների սպասարկման որակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է համարում սահմանել դրույթներ վարորդների առողջական վիճակի եւ վարորդական վկայականների ուժի մեջ գտնվելու վերաբերյալ:
Առաջարկվում է ֆիզիկական անձանց լիցենզավորման պահանջ սահմանել թմրաբանական բժշկական հաստատություններում հաշվառված անձանց ցանկում չլինելու հանգամանքը եւ օրենսդրությամբ սահմանված առողջական վիճակի պարտադիր նախնական բժշկական զննություն անցնելը։
Բացի այդ մարդատար-տաքսի ավտոմոբիլների համար նախատեսված կանգառներ չեն կարող տեղակայվել միջմարզային կանոնավոր երթուղիների սկզբնակետերը եւ վերջնակետերը սպասարկող ավտոկայարանների, ավտոկայանների եւ երթակարգավարական կետերի տարածքներում:
Պարտադիր պայման է սահմանվել, որ 30 եւ ավելի տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպություններն ունենան հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված մեկ հատ տրանսպորտային միջոց:
Նախարարությունը ցանկանում է կանոնակարգել նաեւ օդանավակայանների տարածքում իրականացվող տաքսի ծառայությունը։ Մասնավորապես օդանավակայանների տարածքի տաքսու կայանատեղերից ծառայություն կարող են մատուցել միայն օդանավակայանի տաքսի ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը:
Իսկ օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչեւ յոթ տարեկան, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ եւ տաքսու շախմատաձեւ տարբերանշանով արտաքին։ Բացի այդ տաքսիները պետք է կահավորված լինեն տվյալ ավտոտրանսպորտային միջոցի համար ստուգաչափված ավտոմոբիլային սակաչափիչով կամ արբանյակային տեղորոշման համակարգով (GPS, ГЛОНАСС եւ այլն)։
Միեւնույն ժամանակ տաքսի ծառայություն մատուցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանման, ինչպես նաեւ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի անվան մասին պետք է տեղեկատվություն լինի։
Տաքսի ծառայությունները պետք է նաեւ տեսանելի վայրում գնացուցակը գրեն՝ նվազագույն արժեքի, եթե առկա է նստելավարձ՝ ապա դրա արժեքի, սպասելավարձի չափի մասին։
Նախարարությունն առաջարկի մեջ նաեւ սահմանել է, թե որ խախտման դեպքում որքան տուգանք է նախատեսվում։
Առանց սակաչափիչի, անսարք սակաչափիչով կամ առանց արբանյակային տեղորոշման համակարգի փոխադրում իրականացնելը կառաջացնի 30 հազար դրամի չափով տուգանք։
Առանց գնացուցակի փոխադրում իրականացնելը կառաջացնի տուգանք 20 հազար դրամի չափով։
Առանց օդանավակայանների հետ կնքված պայմանագրի, օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցելը կառաջացնի տուգանք՝ 50 հազար դրամի չափով։
30 եւ ավելի տրանսպորտային միջոց ունեցող տաքսի ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար նվազագույնը 1 ավտոտրանսպորտային միջոց չներգրավելը կառաջացնի տուգանք՝ 50 հազար դրամի չափով։
Ավտոկայանների եւ կանոնավոր երթուղիներ սպասարկող երթակարգավորման կետերից ուղեւորափոխադրում իրականացնելը կառաջացնի տուգանք՝ 50 հազար դրամի չափով։