Կորոնավիրուսով հիվանդների թիվը կարող է մի փոքր ավելանալ, բայց սարսափելի բան չկա. Հովիկ Աղազարյան
ԱԺ յուրաքանչյուր լիագումար նիստից առաջ խմբակցությունը հրավիրում է նիստ, որպեսզի քննարկվող օրակարգային հարցերի հետ կապված ճշգրտվի ընդհանուր դիրքորոշումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Իմ քայլը» խմբակցությունը այսօր հրավիրված նիստի ընթացքում ինչ հարցեր է քննարկել: Հովիկ Աղազարյանը չմանրամասնեց, թե կոնկրeտ օրակարգային ինչ հարցերի վերաբերյալ է խոսքը:
Ինչ վերաբերում հարցին` արդյոք ԱԺ փոխխոսնակի մասնակցությամբ ծեծկռտուքի և Գավառում զինված միջադեպի վերաբերյալ անդրադարձ եղել է, Հովիկ Աղազարյանն ասաց. «Իմ ներկայությամբ այլ հարցեր չեն քննարկվել, ես արդեն ասացի, թե ինչ ենք քննարկել»,-ընդգծեց նա:
Պատգամավորը անդրադարձավ նաև պարետատան որոշմանը, որով մայիսի 4-ից վերացվելու են սահմանափակումների մեծ մասն ու թույլ են տալու քաղաքացիների ազատ տեղաշարժվել: Հովիկ Աղազարյանի խոսքով՝ հիմա պետք է կամաց-կամաց վերադառնալ նորմալ կյանքին, ինչքանով որ հնարավորություն կտա առկա վիճակը: Նա նշեց, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկել քաղաքացիների համար կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները հնարավորինս մեղմելու համար, բայց տնտեսությունը անհրաժեշտ է ակտիվացնել: Նա նշեց, որ առողջապահական համակարգի կողմից էլ վարակի տարածումը պակասեցնելու ուղղությամբ քայլեր կատարվել են, կատարվում են, ռիսերը հաշվարկվում են:
Անդրադառնալով դիտարկմանը, թե սահմանափակումների մեղմացման պարագայում հոսպիտալացումների թիվը էլ ավելի կարող է մեծանալ, Հովիկ Աղազարյանն ասաց. «Կարող է և մի փոքր ավելանա, բայց դա սարսափելի չէ, երիտասարդները շատ հանգիստ են տանում այս վիրուսը, շատ-շատ երիտասարդներ երևի արդեն անցել են դրա միջով, հետևաբար պետք է փորձենք վերադառանալ նորմալ կյանքի ռիթմին»,-ասաց նա:
Հովիկ Աղազարյանը նշեց, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվերի մեջ սարասափելի բան չկա, դա պարզապես վիճակագրություն է:
«1-2 դեպքերն են, որ ծանր է լինում, որոնց նկատմամբ կիրառվում է համապատասխան բուժսպասարկումը: Դուք նկատել եք արդեն՝ մոտ 1000 հոգի բուժված են, մի պահ կգա, որ բուժվածների թիվը կգերազանցի օրական վարակվածների թվին»,-շեշտեց նա: