ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայիսի 1-ը տոնական է եղել Երևանի կենդանաբանական այգու կենդանիների համար

Ամեն տարի մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգին ազդարարել է տարեշրջանի պաշտոնական բացման մասին։ Պայմանավորված արտակարգ դրությամբ` այս տարի Երեւանի կենդանաբանական այգին փակ է։

Տարեմուտի օրն այս տարի եւս տոնական է եղել կենդանիների համար։ Այգու գրեթե բոլոր կենդանիների համար կազմակերպվել են տարբեր խաղեր եւ զբաղվածություններ։ Կենդանաբանական այգու աշխատակիցերն ամեն ինչ արել են, որպեսզի այգու բնակիչներին տան այն ջերմությունը, որն ամեն տարի այս օրը ստանում են այցելուներից։

(Գորշ արջերի մոտ վուշի պարանի վրա խնձորներ են ամրացվել, գետաձի Թայֆունի համար պատրաստվել է բանջարեղեններով տորթ, Բունկա անունով փղի համար պատրաստվել է գլուխկոտրուկ․ սնունդը՝ գնդակի մեջ):

Ի դեպ մարտի 15-ին այգում ծնվել է տարվա առաջին ձագուկը՝ շոտլանդական պոնի։ Կենդանու անունը այգու աշխատակիցները դրել են Ավետիս՝ բարի լուրի ակնկալիքով։

Առաջիկայում սպասվում են ծնունդներ նաեւ սմբակավոր կենդանիների մոտ․ եղնիկներ, մուֆլոններ, բեզոարյան այծեր։

2020 թվականին նախորդ տարվա համեմատ սպասվում են ավելի շատ ծնունդներ՝ պայմանավորված այգում առկա առաջնածիններով։

Երեւանի կենդանաբանական այգում պահվում են անվտանգության բոլոր կանոնները, աշխատակիցներն ուշադիր են իրենց հոգածության տակ գտնվող կենդանիների առողջության նկատմամբ։

Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Երեւանի կենդանաբանական այգում մեկնարկել է «Գրիր կենդանուն՝ գրիր ընկերոջդ» նախագիծը։ Նախագծի էությունը հետեւյալն է․ փոքրիկները նամակներ են գրում իրենց սիրելի կենդանիներին եւ ստանում պատասխան նամակ։ Լավագույն նամակների դեպքում արտակարգ դրության ավարտից հետո կլինեն նաեւ անակնկալներ։ Նամակները հրապարակվում են այգու ֆեյսբուքյան էջում։ Առաջիկայում ֆեյսբուքյան էջում կտեղադրվեն նաեւ տեսանյութեր, որոնց միջոցով կներկայացվեն հետաքրքիր տեղեկություններ, փաստեր այգու կենդաների մասին, կլինեն նաեւ ուղիղ միացումներ կենդանիների ազատավանդակներից։

Քաղաքականություն

Պատահարներ