Գլխավոր դատախազի խորհրդականը մեկնաբանել է Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը
«Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի պաշտպանական թիմը կարող է հանցագործության մասին հաղորդում տալ, եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մեկնաբանելով Գուրգեն Խաչատրյանի պաշտպանների հայտարարությունը։
«Անկեղծ ասած՝ չեմ ուզում մեկնաբանել այդ կապակցությամբ պաշտպանական թիմի արած հայտարարությունը՝ դա համարելով պաշտպանական տակտիկայի բաղադրիչ: Սակայն եթե նրանք իրենց պաշտպանյալի իրավունքների կամ դատավարական ընթացակարգերի խախտում են տեսել քննիչի գործողություններում, կամ համարում են, որ հանցավոր ոտնձգություն է կատարվել և իրենց փորձել են ստիպել ինչ-որ գործողություններ կատարել, ապա, մնալով քրեական դատավարության շրջանակներում, հանրային կարծիքի վրա ներազդելուց զերծ մնալով, կարող էին և կարող են օգտվել դատավարական որոշումները բողոքարկելու իրենց հնարավորությունից: Այդ դեպքում դատախազությունը, ծանոթանալով ներկայացվող հիմնավորումներին, համապատասխան դիրքորոշում կարտահայտի: Կամ պարզապես կարող էին և կարող են հանցագործության մասին հաղորոդում տալ, ինչը որքան տեղյակ եմ, չի արվել»,- ասաց Աբրահամյանը։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի խոսքով՝ այն հանգամանքը, որ Խաչատրյանի պաշտպանների համար գուցե կանխատեսելի զարգացումները հաշվի առնելով՝ նախապես արվում են քննչական մարմնի գործողությունների իրավաչափությունը հարցականի տակ դնող հայտարարություններ, դեռ չի նշանակում, որ նախաքննական մարմնի գործողությունները հենց այդպիսին են կամ կարող են այդպիսին լինել:
«Արգելանքի միջոցի կիրառումը պայմանավորված է քրեական գործով ձեռք բերված փաստական հանգամանքներով, վարույթի շրջանակներում մեղադրյալի հնարավոր կանխատեսելի վարքագծի հաշվառմամբ: Հակառակ դեպքում, նախապես հայտարարություններ հնչեցնելով միշտ կարելի է քրեական հետապնդման մարմինների գործողությունների իրավաչափության վերաբերյալ մանիպուլյատիվ էֆեկտով հանրային ցանկացած կարծիքը ձևավորել»,- ասաց Աբրահամյանը։
Գլխավոր դատախազի խորհրդականը հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվեն նաև քննությամբ ձեռք բերված այն հանգամանքները և այն հիմնավորումները, որոնց շրջանակներում ներկայացվել է մեղադրանքը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 2066 է
Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2066 է։ Ապաքինվել...
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսով վարակվածության պատկերը Հայաստ...
Հայաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 34 մարդ․ հաստատվել է 65 նոր դեպք
Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսի 65 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1932 է։ Ապաքինվել է...