Կառավարությունը կհաստատի հակաճգնաժամային 15-րդ միջոցառումը
Կառավարության հաստատմանն է ներկայացվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը: Այն ընդգրկված է կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում:
Միջոցառման նպատակն է՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներին բնակչության ներգրավմամբ։
Միջոցառման շրջանակում նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։
Հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տանհինգերորդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։
Առաջարկվում է բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։
Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։
Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։
Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200,000.0 հազար դրամ։
Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։
Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին»: