Արարատի մարզպետը չի տիրապետում գործառույթներին, բանսարկություններ է տարածում. Ավշարի համայնքապետ
Հայաստանի Հանրապետությունում իշխանության փոփոխությունից հետո, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց մի անձնավորություն, ով չի տիրապետում, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի ի պաշտոնե: Այս մասին Ավշարի համայնքապետը գրել է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
«Օրենքով նախատեսված իր գործառույթները կատարելու փոխարեն մարզպետը աշխատանքային առաջին օրվանից՝ զբաղված է մարզում բանսարկություններ, ու զրպարտանքներ տարածելով, և մարդկանց իրար դեմ չարացնելով:
Մարզպետի գործողությունները իրեն բացահայտեցին նաև այն ժամանակ, երբ վերջինս Ավշարի հին դպրոցի շենքի մասին, որը 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենք է, զրպարտչական բնույթի տեղեկություն ուղարկեց Հայաստանի Հանրապետության Դատախազություն, իբր ենթադրյալ հանցագործություն է հայտնաբերել, ինչի հիման վրա Արարատի տարածքային ոստիկանության կողմից մի քանի ամիսներ իրականացվեցին ոստիկանական գործողություններ, ստուգելով համայնքապետարանի կողմից հին դպրոցի շենքի վերաբերյալ անցյալ տարիներին օրենքով սահմանված կարգով կատարած գործողությունները:
Ամիսներ շարունակ տևած ստուգումների արդյունքում՝ պարզվեց, որ այն ժամանակվա համայնքապետարանի կատարած գործողություններում հանցակազմ կամ օրենքի խախտումներ չկան:
Հետևաբար այդ գործը պետք է կարճվեր և պատասխանատվության ենթարկվեր զրպարտիչը:
Հետագայում տեղեկացանք, որ ոստիկանությունը գործը ուղարկել է Արարատի մարզի քննչական կոմիտե, որտեղ ևս կատարվեցին բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք տևեցին մի քանի ամիսներ, քննիչի կողմից կայացվեց որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ կարճել քրեական գործը:
Քննիչի կողմից կայացված օրինական որոշումը բողոքարկվեց, ինչի հմիան վրա քննիչի որոշումը վերացվեց և նույն քննիչի կողմից սկսվեցին ավելի լայնածավալ քննչական նոր գործողություններ:
Քննչական երկրորդ կամ կրկնակի գործողությունները տևել են մի քանի ամիսներ, ավելի շատ քան առաջին քննչական գործողությունները:
Երկրորդ քննչական գործողությունների ավարտից հետո քննիչի կողմից որոշում կայացվեց՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետի հիմքերով քրեական գործը կարճել:
Վստահ եմ նաև , որ ուղղակի կամ անուղղակի եղանակով դեռևս շարունակվելու է զրպարտչական բնույթի գործողությունների կատարումը, սակայն հայտնում եմ , որ դա ցանկալի արդյունք չի տալու»: