Արարատի մարզի Աբովյան գյուղի դպրոցի անձնակազմն ու 10-րդ դասարանցիները մեկուսացված են
Արարատի մարզի Աբովյան գյուղի (նախկինում՝ Աղբաշ) դպրոցի անձնակազմն ու 10-րդ դասարանցիները մեկուսացված են: ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով նշված գյուղի բնակիչներից մեկն, ով որպես բուժքույր է աշխատել «Էրեբունի ԲԿ»-ում, վարակվել է կորոնավիրուսով, ապա վարակել նաև իր ընտանիքի անդամներին, որոնցից մեկը 10-րդ դասարանի երեխա է:
Այդ օրերին դպրոցի տնօրենը կանչել է 10-րդ դասարանցիներին ավարտական վինետկաների լուսանկարահանման համար, որին մասնակցել է նաև այդ երեխան: Հաջորդ օրը երեխայի մոտ հիվանդությունը գլուխ է բարձրացրել, ինքնազգացողությունը վատացել է և բոլոր դասարանցիներին մեկուսացրել են: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Աբովյան համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանը:
«Ես տեղյակ եմ, որ դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, հաշվապահը, օպերատորն ու 10-րդ դասարանցիները մեկուսացված են Ծաղկաձորում: Մանրամասներին տեղյակ չեմ, բայց իրենց հետ կապի մեջ եմ, կարևորը վտանգավոր բան չկա»,- լրատվականի հետ զրույցում նշել է նա:
Նրա խոսքով՝ գյուղում կորոնավիրուսով վարակված 3 բնակիչ կա, նրանց ընտանիքի անդամները մեկուսացված են: Աբովյանի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարիետա Գրիգորյանն էլ մեզ փոխանցեց, որ ապրիլի 17-ին դպրոցի գործերը, մատյանները նկարահանելու նպատակով են այցելել դպրոց. «Երեխաները ցանկություն էին հայտնել նկարվել Մեսրոպ Մաշտոցի նկարի շուրջ, քանի որ բանակ գնացող երեխա ունեինք և հնարավոր է էլ դպրոց չգնայինք, որոշել էին գալ դպրոց: Պահելով սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները՝ արագ մտել ենք դպրոց ու դուրս եկել: Երեխաներից մեկի քույրիկն աշխատել է «Էրեբունի ԲԿ»-ում, այնտեղից է եկել վարակը»,- նշել է նա: Տնօրենի խոսքով՝ արդեն 8-րդ օրն է դպրոցական անձնակազմի մի քանի անդամ և 7 երեխա մեկուսացված են: