Գեղարքունիքում, սեփական տանը հայտնաբերվել է կացնահարված 66-ամյա տղամարդու դի

Ապրիլի 21-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմանում ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղի տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները Վահան գյուղի սեփական տան մեջ հայտնաբերել են տանտիրոջ՝ 66-ամյա Լյովիկ Բարսեղյանի դին: Ժամանած դատաբժիշկը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ մահացածի գլխին կան կացնի մի քանի հարվածի հետքեր: Մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նա ուղևորվում է դեպի Սևան և արդեն Լճաշեն գյուղի վարչական տարածքում դարանակալելով՝ Սևանի ոստիկանների ու քննիչների հետ կարողանում են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել Վահան գյուղի բնակիչ, 62-ամյա Պետիկ Դեմիրճյանին: Իրավապահները կարողացել են ճիշտ գործել, քանի որ նրա մոտ եղել է 2 մարտական նռնակ՝ իր պայթուցիչներով:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետի տեղակալ Նաիրի Պողոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչ Ն. Պողոսյանի որոշմամբ կասկածյալ Պ. Դեմիրճյանը ձերբակալվել է: