Դուք ժողովուրդը չեք՝ պարգևավճարները վկա. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսպիսով` խորհրդարանը ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս չեմ մեկնաբանի անտեղյակ ու շուտասելուկի պես բացառապես օրենքի վերնագիրը կարդացած ու կրկնող պատգամավորներին՝ հատկապես ճամբարափոխ եղածներին։

Եթե հիշում եք` մեր հասարակական կազմակերպությունը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցությունները հրապարակել էին մի շարք առաջարկներ նախագծի վերաբերյալ, և ուրախ եմ, որ իշխանական ողջ ճամբարից այս նախագծից տեղյակ միակ մարդը` նախարար Բադասյանը դրսևորել է որոշակի խելամտություն՝ արձագանքելով որոշ առաջարկների և որոշակի փոփոխություններ մտցնելով: Այսպես`

 

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 միլիոն դրամից բարձրացվել է 50 միլիոն դրամի: Սա համադարման չէ, բայց էլի դրական է` հաշվի առնելով, որ ժողովրդի վարչապետը հանձնարարել է մարդկանց վարորդներից մինչև օգնական ու խորհրդական ստուգել ու գույք խլել:

 

2. Փոփոխությունների արդյունքում հստակեցվեց բարեխիղճ ձեռք բերողի (այսինքն անձի, ով չգիտեր ու չէր կարող իմանալ, որ իր ձեռքբերածը ապօրինի է) ապացուցման շեմը։ Այդ անձի դեպքում գույքը ՉԻ ԿԱՐՈՂ վերցվել, եթե իհարկե պետությունը չապացուցի, որ բարեխիղճ ձեռքբերողը սկզբնական սեփականատիրոջ խախտումների մասին գիտեր կամ պարտավոր էր իմանալ:

Ի՞նչ է սա նշանակում: Եթե անձը, օրինակ, գույքի գնման պահին որևէ պաշտոն չի զբաղեցրել կամ թեկուզ զբաղեցրել է ու որևէ այլ անձից օրինական, հիմնավորված եկամուտով գնել է ասենք հողատարածք, ապա նրանից գույքը չի կարելի վերցնել, եթե օրինակ ապացուցվի, որ առաջին (նախկին սեփականատերը) ձեռքբերելիս ապօրինի է ձեռքբերել կամ աճուրդի կամ մրցույթի ժամանակ թերություններ են եղել եւ այլն, բայց հաջորդ սեփականատերը չի իմացել այդ մասին:

Սա շեշտում եմ հատուկ` քանզի ժողվարչապետի ցուցումների հիման վրա «մարադյորության» հակված առանձին իրավապահներ սկսել են ահաբեկել մարդկանց ու սպառնալ:

Մեկ անգամ ասել եմ իրավապահներին, հիմա էլ կրկնում եմ` բացի ժողվարչապետի ու իր թիմի քաղաքական ու իրավական պատասխանատվությունից դուք ևս իրավական ու անձնական պատասխանատվություն եք կրելու այս օրենքը ԱՊՕՐԻՆԻ կիրառելու համար:

 

3. Ուսումնասիրություն իրականացնելու ժամանակահատվածը սահմանվել է որոշման կայացմանը նախորդող տաս տարին, (2010-2020) բացառիկ դեպքերում այդ ժամկետը կարող է ընդգրկել մինչև 1991 թվականը ընկած ժամանակահատվածը: Այս փոփոխությունը պետք է դիտարկել երկու տեսանկյունից` քաղաքական և իրավական:

Քաղաքական իմաստով ուսումնասիրությունից դուրս է մղվում նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլը` իր աղմկահարույց սեփականաշնորհումներով ու մասնավորեցումներով, կոռուպցիոն տարբեր գործարքներով, թալանի ամենատարբեր դրսևորումներով: Ստացվում է` անարդարությունների ամբողջական վերականգնում Փաշինյան Նիկոլը չի կարող անել, եթե անգամ ցանկանա:

Սակայն իրավական տեսանկյունից լուծումը հասկանալի է: Մինչև 2011 թվականը մեր երկրում չի եղել պաշտոնատար անձանց գույքի հայտարարագրման ինստիտուտը, ապօրինի հարստացման և մի շարք այլ կարևոր օրենքներ ընդունվել են ավելի ուշ, ուստի, եթե իրավական տեսանկյունից ուսումնասիրությունը ընդգրկեր ավելի լայն ժամանակահատված, սա նշանակում է, որ մենք հարյուրից հարյուր դեպքով պարտություններ էին ունենալու ՄԻԵԴ-ում` վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու պատճառով:

Ամփոփելով ասեմ՝ եթե իշխանությունը այս խիստ վտանգավոր գործիքը որոշել է կիրառել համատարած ու իրենց պարգևավճարների ու վոյաժների համար սեփականազրկել բոլոր քաղաքական օպոնենտներին կամ Փաշինյանի վախերի հնարավոր սուբյեկտներին, ապա հիասթափեցնեմ:

Եթե նորմալ, առանց հիստերիայի ապացուցեք, որ ապօրինի է, ապա դա բառի ուղիղ իմաստով, պիտի հետ գնա ժողովրդին, բայց ոչ ձեր գրպանը: Դրա եղանակների մասին և ոչ միայն կխոսեմ երկուշաբթի օրվա եթերում:

 

Հ.Գ. Ռուստամ ջան (հիշում ես, չէ՞, չեմ քծնում), իրավապահների համար անպայման դասընթաց արա, ուղեցույց պատրաստի, քննարկի, բացատրի: Չմոռանաս ասել, որ մեկից մի գույք վերցնելուց առաջ, իրենք պիտի բացարձակ մաքուր լինեն, ու այդպիսի գույքեր չունենան»: