Աշխարհում COVID-19-ով 2 միլիոն վարակակիր կա. երկրների ցանկը ըստ վարակվածության թվի
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 066 հազարի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 126 հազարը: Ապաքինվել է 484 հազար 597 մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 614 հազար 246 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 26 հազար 064 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 174 հազար 060 է: Մահացության ցուցանիշը 18 հազար 255 է:
Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 162 հազար 488 է: Վարակից մահացել է 21 հազար 067 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 143 հազար 303 հաստատված դեպք, մահացել է 15 հազար 729 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 132 հազար 210 հաստատված դեպք կա, մահացել է 3 հազար 495 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ շրջանցելով վարակի ծագման երկիր Չինաստանին: Մեծ Բրիտանիայում կա 93 հազար 873 հաստատված դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 12 հազար 107:
Չինաստանն առանձնանում է 82 հազար 295 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 342 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 74 հազար 877: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 683 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 65 հազար 111 է, Բելգիայում՝ 31 հազար 119 է, Նիդերլանդներում՝ 27 հազար 419 է, Կանադայում՝ 27 հազար 63 է, Շվեյցարիայում՝ 25 հազար 936 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 300 դեպք կա, Ռուսաստանում` 21 հազար 102: ՌԴ-ում մահացել է 170 մարդ:
Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 4 հազար 933, այստեղ գրանցվել է մահացության 28 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 3 հազար 428 մարդ: Վարակից մահվան 7 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 178 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 2350: Իրաքում վարակվածների թիվը 1400 է, մահացության ցուցանիշը 78 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 3 դեպք, վարակվածության՝ 1355:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը: