ՀՀ-ում սպանության դեպքերի ցուցանիշն ավելացել է

2019 թվականին 100.000 բնակչին բաժին է ընկնում սպանության 1,6 դեպք: Այս ցուցանիշը թեև վերջին 10 տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է 0,4%- ով, սակայն նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 0,4%-ով: 2009-2019թթ. տեղի ունեցած սպանությունների տարեկան միջին թիվը կազմել է շուրջ 52: Վերջին տասնամյակում (2009-2019թթ.) սպանության դեպքերը նվազել են շուրջ 31%- ով (68-47): Այս մասին ասվում է Գլխավոր դատախազության գործունեության 2019 թվականի զեկույցում:

Սպանության դեպքերի աճը մտահոգիչ է, սակայն վերը նշված վերլուծությունների պայմաններում կարող ենք այս ոլորտի հանցավորության վիճակը գնահատել վերահսկելի:

Սպանության դեպքերի աճին զուգահեռ նվազել է այդ դեպքերի բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 72,7%, նախորդ տարվա 74,6%-ի դիմաց։ Հաշվետու ժամանակահատվածում, ինչպես նախորդ տարում, արձանագրվել է սպանության փորձի` 28, իսկ սպանության նախապատրաստության 2 դեպք: Ընդ որում, Երևան քաղաքում սպանության փորձի դեպքերի թիվը նվազել է 25%-ով, իսկ մարզերում աճել է 17%-ով: Նշենք, որ նախորդ տարի արձանագրվել էր սպանության փորձի դեպքերի աճ՝ 30,4%- ով. այս պայմաններում տվյալ հանցատեսակի առումով վիճակը կարելի է գնահատել վերահսկելի: 40 դեպքով կամ 20,9%-ով աճ է արձանագրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի թվում:

2018թ․ արձանագրվել էր նման դեպքերի 1,5%- ով նվազում: Ընդ որում, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը Երևան քաղաքում աճել են 6-ով կամ 7%-ով, իսկ մարզերում՝ 34-ով կամ 32,4 %-ով:

Անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի աճին զուգահեռ նվազել է այդ դեպքերի բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 84,6%, նախորդ տարվա 87,0% դիմաց։ Ստորև ներկայացնում ենք 2009-2019թթ. սպանության, սպանության փորձի, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, ինչպես նաև հրազենի կամ ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների վերաբերյալ աղյուսակը.

Սպանության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վերլուծությամբ դրանց կատարմանը նպաստող օրինաչափ պատճառներ ի հայտ չեն եկել: Արձանագրված սպանությունները կատարվել են խուլիգանական, շահադիտական, կենցաղային, նախկին անհաշտ հարաբերությունների հողի վրա վրեժի և այլ շարժառիթներով: Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ հատկապես վերջին շարժառիթով կատարված սպանությունների ու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս 13 պատճառելու դեպքերը վկայում են առանձին դեպքերում դրանք կանխելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և պրոֆիլակտիկ միջոցառումների անբավարարության մասին:

Ոչ պակաս մտահոգիչ են հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց կողմից սպանություն և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Նկատի ունենալով այս դեպքերի անհանգստացնող քանակը՝ ուսումնասիրվել է 2018- 2019թթ. անմեղսունակության վիճակում կատարված բռնի հանցագործությունների վերաբերյալ գործերի քննության պրակտիկան: Թվով 14 ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդպիսի հանցագործություններ կատարած անձինք որոշ դեպքերում արդեն իսկ առնչվել են իրավապահ մարմինների հետ՝ կապված իրենց դրսևորած հիմնականում բռնի վարքագծի հետ, և նրանցից սպասվող վտանգն իրականում եղել է սպասելի:
Ուսումնասիրությունը վեր է հանել, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց կողմից ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարելու դեպքերին առանձնահատուկ ուշադրություն չի դարձվում, նրանց հիվանդության, անցած բուժման հետ կապված հարցերը պատշաճ քննության առարկա չեն դառնում, անտեսվում է նրանցից բխող հավանական վտանգը, նրանց հոգեկան առողջության հետ կապված հարցերը որևէ կերպ, այդ թվում՝ միջնորդագրերի հիման վրա քրեական դատավարության ընթացակարգերից դուրս քննարկման առարկա չեն դառնում, չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ նրանց հոգեկան վիճակի կարգավորման ուղղությամբ, ինչն էլ պատճառ է դառնում այդ վարքագծի շարունակության:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ արձանագրված վիճակի պատճառներից են հոգեբուժական օգնության ոլորտի օրենսդրության բացերն ու թերի կարգավորումները, որոնք չեն ապահովում հոգեբուժական հաստատությունից դուրսգրված հոգեկան հիվանդների նկատմամբ պատշաճ վերահսկողությունն ու նրանց հոգեկան վիճակի վատթարացման դեպքերի վերհանումը: Բացի այդ, առանձին դեպքերում պատշաճության առումով կասկածներ է հարուցում հոգեկան հիվանդությամբ տառապող հանցանք կատարած անձանց նախկինում ցուցաբերված բուժօգնության պատշաճությունը: