Կոռուպցիոն դրսևորումներ՝ վարկերի ձևակերպման ժամանակ. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` 2018 թվականի հուլիսից ոստիկանությունում գործում է վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որում ներառված են քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։
Օպերատիվ աշխատանքային խմբի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 6 ամիսների ընթացքում մի շարք վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու, սև ցուցակից հանելու, առանց երաշխավորի և առանց գրանցված աշխատող լինելու արագ գումար տրամադրելու պատրվակով և այլ գայթակղիչ հայտարարություններով, վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ քաղաքացիների անունով ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու կամ քաղաքացու անձնակգրային տվյալները և դիմանկարն օգտագործելով օնլայն վարկ ձևակերպելու և ստացված գումարների միայն մի մասը քաղաքացուն տրամադրելու կամ ընդհանրապես չտրամադրելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվել են շուրջ 6 տասնյակ նյութեր, որոնցով խարդախության և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության առերևույթ դեպքերի` ՀՀ քրեական օրենսգրքի 178 և 181 հոդվածների տարբեր մասերով և կետերով հարուցվել են քրեական գործեր և այս պահին կատարվում է նախաքննություն:
Հիմնականում քաղաքացիները ոստիկանությունում հաղորդում են տվել հետևյալ իրավիճակներից ելնելով։ Օրինակ՝ վարկային մի կազմակերպության աշխատակիցը կամ այդպիսին ներկայացած անձը խաբեությամբ, վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացուց վերցրել է նրա անունով ապառիկ եղանակով գնված հեռախոսը և չի տրամադրել խոստացված գումարը, մեկ այլ վարկային կազմակերպության աշխատակից վերցրել է քաղաքացու անունով ապառիկ եղանակով գնված շինարարական ապրանքները և չի տրամադրել խոստացված գումարը, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակից ներկայացած անձը խաբեությամբ, քաղաքացուն իբրև օրինական հիմունքներով տրամադրված վարկի միջնորդավճար, հափշտակել է 230.000 դրամ, տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը և աշխատակիցները քաղաքացու անունով վարկ տրամադրելու պատրվակով տեխնիկայի վաճառքի խանութում կնքել են ապառիկի պայմանագրեր խարդախությամբ տիրացել երեք հեռախոսներին՝ չտրամադրելով մոտ 800.000 դրամը։
Մեկ այլ դեպքում քաղաքացին սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի անձի հետ, որի առաջարկով 500-ից 1.000 դոլարի դիմաց իր անվամբ անվանափոխել է նրա ավտոմեքենան և գրավադրել։ Դրա դիմաց անձը ստացել է 2.496.000 դրամ վարկ, խաբեությամբ հափշտակել մեքենան՝ չկատարելով խոստումները։
Այս դեպքերը երկար կարելի է թվել։ Հանցագործության այս տեսակի վերաբերյալ ոստիկանությունում ստացված գրեթե բոլոր հաղորդումների բովանդակություններն ունեն նմանություններ։
Ինչ-որ անձինք ներկայանալով ինչ-որ վարկային կազմակերպության կամ միջնորդ վարկային կազմակերպության աշխատակիցներ՝ գումար ստանալու նպատակով քաղաքացիներին առաջարկում են գնալ տարբեր խանութներ, որտեղ քաղաքացու անունով ձևակերպում են ապառիկ վաճառք։ Որոշ դեպքերում վճարում են ապրանքի 30 կամ 50 տոկոսը, որոշ դեպքերում ընդանրապես չեն վճարում` խոստանալով վճարել մոտ ապագայում` ապառիկ եղանակով գնված իրը պահելով իրենց մոտ։ Այսինքն՝ քաղաքացին չի ստանում ապառիկ եղանակով իր գնած ապրանքը, սակայն սկսում է վճարել դրա համար։
Եղել են նաև դեպքեր, երբ, օրինակ, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակիցը կամ տնօրենը, իրեն սոց.կայքով դիմած քաղաքացուց, տեղեկանալով, թե որքան վարկի գումար է ցանկանում ստանալ, վերջինից պահանջում է իր անձնագրի պատճենը և լուսանկարը, որից հետո քաղաքացու անունից առցանց եղանակով դիմում է վարկ տրամադրող որևէ կազմակերպություն կամ բանկ։ Եթե բանկը քաղաքացուն տրամադրում է օրինակ՝ 1․000․000 դրամ վարկ, այդ անձը քաղաքացուն հայտնում է, որ նրան կարող է տրամադրվել օրինակ՝ 500․000 դրամ։ Դրանից հետո առցանց եղանակով բանկից վերցնում է 1․000․000 դրամ վարկը, քաղաքացուն տալիս 500․000-ը կամ ընդհանրապես չի տալիս։ Եվ քաղաքացին ստիպված է լինում մարել 1․000․000 դրամ վարկը։
Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն վստահելի, ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, անծանոթ անձանց սոցիալական կայքերի միջոցով մի՛ ուղարկեք Ձեր անձնագրային տվյաները և դիմանկարները, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։
Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն։