Վորոնեժում կորոնավիրուսից 63-ամյա տղամարդ է մահացել. նա Հայաստանի քաղաքացի է

Վորոնեժում մահացել է կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ նա ՀՀ քաղաքացի է, 63 տարեկան, որը մարտի վերջին Մոսկվայից տեղափոխվել էր Վորոնեժ էր։
«Վորոնեժում մահացել է 63-ամյա քաղաքացի, որը կորոնավիրուսով հիվանդ էր։ Նա Հայաստանի քաղաքացի է։ Մարտի 24-ին Մոսկվայից Վորոնեժ էր եկել։ Նրա խոսքով՝ ապրիլի 2-ին շնչառական սուր հիվանդության նշաններ են հայտնվել»,- գրված է իշխանության տարածած հաղորդագրության մեջ։

Ապրիլի 6-ին տղամարդը իրեն վատ է զգացել և շտապօգնություն է կանչել․ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են կասկածել և տեղափոխել են հիվանդանոցի հատուկ բաժին։ «Բուժզննման արդյունքում պարզվել է, որ տղամարդը երկկողմանի թոքաբորբ ունի։ Անհապաղ բուժում է սկսվել։ Ինտենսիվ թերապիայի ընթացքում հիվանդի վիճակը տատանվում էր։ Ապրիլի 8-ից նա միացված էր արհեստական շնչառության սարքին։ Բուժումը բարդանում էր, քանի որ սրտանոթային ու շնչառական համակարգերի լուրջ խրոնիկ հիվանդություններ ուներ։ Բժիշկները մինչև վերջ պայքարում էին տղամարդու կյանքի համար։ Ապրիլի 12-ին նա մահացավ», - նշված է հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ Վորոնեժի մարզում կորոնավիրուսի վարակվածության 49 դեպք է գրանցվել, նրանցից 12-ը ապաքինվել ու դուրս են գրվել։