Կարմիր գրքում գրանցված կենդանիներ են վաճառում. Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների եւ թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաեւ որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ եւ այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները եւ իրավախախտման բոլոր դեպքերով դիմել ՀՀ ոստիկանություն՝ գործերի հետագա ընթացքն ապահովելու, իրավախախտներին հայտնաբերելու ու օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Տեղեկացնենք, որ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Որսորդն իրավունք ունի տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները եւ արգասիքները»։
Այդուհանդերձ՝ առաջին հերթին որսորդը պետք է ունենա որսի իրավունքը հաստատող փաստաթուղթ (արտոնագիր, կամ ուղեգիր), կամ պետք է հիմնավորի կենդանու կամ նրա արգասիքների ձեռք բերման օրինականությունը, այլապես այն կհամարվի հակաօրինական գործունեություն եւ կկիրառվեն համապատասխան վարչական, կամ քրեական պատասխանատվության միջոցներ։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279-Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին:
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հետամուտ լինել 2007 թվականի ապրիլի 9-ի «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» թիվ 9-Ն հրամանի եւ բնագավառին վերաբերող բոլոր օրենքների պահանջների կատարմանը։
Կոչ ենք անում զերծ մնալ անօրինական գործողություններից եւ պահպանել կենդանական աշխարհը։
Շնորհակալություն ենք հայտնում կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգ քաղաքացիներին եւ բնապահպաններին՝ սերտ համագործակցության համար: