Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացնիները, երբ իմացել են կարանտինային ռեժիմի մասին՝ հրաժարվել են գալ․ Նաղդալյան

Երբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացրել են, որ նրանք ՀՀ-ում պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ Հայաստան: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մինչ Իտալիայից ՀՀ քաղաքացիների վերադարձը, Նաղդալյանը հայտարարել է, որ Իտալիայում ՀՀ դեսպանության հետ հետ կապ է հաստատել շուրջ 150 քաղաքացի, բայց հատուկ չվերթով ՀՀ վերադարձել է 63 քաղաքացի:

«Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ 3-րդ երկրներով, բայց նրանք ևս Հայաստանում հայտնվելիս ենթարկվել են պարտադիր կարանտինային ռեժիմի, քանի որ այն վերաբերում է ելից երկրին, ոչ թե տարանցիկ երկրներին»,-ասաց նա:

Նաղդալյանը հայտնեց նաև, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարել է, որ մարտի 19-ին կայանալու է Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, և տվյալներ չկան, թե հաջորդը երբ է կկայանա. «Ուստի Եգիպտոսում գտնվող մեր քաղաքացիներին, որոնք ցանկանում են վերադառնալ ՀՀ, հորդորում ենք անպայման օգտվել այդ չվերթից»,-ասաց մամուլի խոսնակը:

Նա կոչ արեց այն երկրների ՀՀ քաղաքացիներին, որտեղ չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, կապ հաստետել ՀՀ ԱԳՆ-ի հետ թեժ գծի միջոցով:

Անդրադառնալով ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ Նաղդալյանը նշեց, որ այդ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, նաև այն անձինք, որոնք ՀՀ քաղաքացիություն չունեն, բայց ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են վերադառնալ ՀՀ: Սահմանափակումները չեն վերաբերում բեռնափոխադրում իրականացնող անձանց:

Նաղդալյանը հայտնեց, որ ևս մեկ սահմանափակում վերաբերում է ԵՄ-ին․ 30 օր ժամկետով արգելափակվում է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք, այն է՝ ԵՄ երկրներ, Շենգենյան գոտու անդամներ, գումարած՝ Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիա, Լիխտենշտեյն:

Հարևան Վրաստանի դեպքում ևս բեռնափոխադրումների սահմանափակումներ չկան: «Վերին Լարսի փակումն էլ պայմանավորված է բացառապես եղանակային պայմաններով և ձյան առատ տեղումներով: Եղանակային պայմանների բարելավումից հետո բեռնափոխադրողները կարող են անխափան կատարել բեռնափոխադրումները»,-հավելեց Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ հյուպատոսության վարչության պետ Արտակ Ավետիսյանն էլ հորդորեց չօգտվել Վերին Լարսի անցակետից՝ եղանակային պայմաններից ելնելով, մինչև չկարգավորվեն ճանապարհի բացման խնդիրները:

«Համապատասխան գերատեսչություններից ստացած տեղեկության համաձայն՝ մինչև ուրբաթ եղանակային պայմանները կարող են չկարգավորվել, դրա համար նորից զերծ մնացեք մեքենայով ճամփորդելուց՝ փորձելով օգտվել ինքնաթիռից»,-ասաց նա:

Վերջինս ընգծեց, որ ՀՀ բոլոր հյուպատոսություններում գործում են թեժ գծեր: «Մեր քաղաքացիներին հորդորում ենք որևէ ծանր իրավիճակում գտնվելու դեպքում անպայման կապ հաստատել դեսպանությունների և հյուպատոսությունների հետ»,-նշեց նա:
 

Պատահարներ