Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել. վարչապետ

Ավելի քան 300 ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300-ի համար տարածքներ ենք պատրաստել: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում կայացած խորհրդակցությունից հետո:

 

«Շարունակվում են քննարկումները՝ հասկանալու համար՝ ինչ անել, որ մեր տնտեսությունն այդքան չտուժի: Այս պահին մեր 300 քաղաքացիներ մեկուսացված են, եւս 300 քաղաքացու մեկուսացնելու համար մենք տարածքներ ենք պատրաստել: Եթե կառավարությունն ընդունի որոշում արտակարգ դրություն մտցնելու մասին, իսկ մենք կարծում ենք, որ կկայացվի, իրավունքի ուժով տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հասկանալու համար մեր քայլերի համաչափությունը: Հնարավորություն կունենանք արձագանքել նաեւ քննադատություններին, որպեսզի մեր հանրությունը տեղյակ լինի՝ ինչ քայլեր ենք ձեռնարկելու:

 

Այս պահին կորոնավիրուսային իրավիճակ է եվրոպական 51 երկրում: Մի բան ակնհայտ է, որ մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլեւ բոլոր խնդիրները՝ ազգային միասնության, առողջապահական եւ տնտեսական առումով: Ես ուզում եմ, որ մենք բոլորս դրականորեն եւ այս ձեւով մտածենք: Փառք Աստծո, մենք ռիսկային դեպքեր չունենք, 2 անձի մոտ է միայն փոքր-ինչ բարդացած, 2 քաղաքացի թոքաորբ ունեն, բայց կարծես թե բուժումներն օգնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

 

Երբ երեկոյան մենք լուր ստացանք, որ Վայքում ես շփել էի հաստատված վիրուսով քաղաքացու հետ, եւ հետաքրքիր է, որ ես մինչ այդ ջերմություն չունեի, բայց երբ այդ մասին իմացա եւ ջերմաչափում արեցի, 37.1 ջերմություն ունեի, այդ պատճառով էլ կրկին թեստ անցանք:

Բացի այն, որ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարություն էր արել, այսօր առավոտյան ԱԱԾ տնօրենի ժ/պ-ն ինձ ասաց, որ իրենք եւս հաստատում են, որ եթե նույնիսկ 1 ամիս Հայաստան որեւէ մթերք չներմուծվի, Հայաստանը սննդի պակաս չունի, չնայած այդպիսի սցենար էլ չունենք, - ասաց վարչապտը: 

 

Վարչապետը հավելեց, որ երբ այս իրավիճակը միասին հաղթահարենք, տնտեսական դժվարություններ ունեցած ընկերություններին աջակցելու խնդրին կանդրադառնան:

«Մենք այդ իրավիճակը կքննարկենք եւ կտեսնենք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու: ՈՒնեմ պատկերացումներ, թե տնտեսական  դժվարություններն ինչպես պետք է հաղթահարենք, եւ կհաղթահարենք, կասկած չունենաք»,-ասաց Փաշինյանը:

 

Քաղաքականություն

Պատահարներ