Իրանի առողջապահության փոխնախարարը բուժվել է կորոնավիրուսից

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին ապաքինվել է կորոնավիրուսից։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին։ Հիշեցնենք, որ դեռ փետրվարի 25-ին

տեղեկացրել էինք, որ Իրանի առողջապահության փոխնախարարի թեստի արդյունքերը եղել են դրական։

 

«Հաշվի առնելով հիվանդությունից ամբողջական ապաքինումը` ձեզ հանձնարարություն է տրվում, որպես իմ անձնական ներկայացուցիչ, մեկնել պրովինցիաների և քաղաքային շրջանների կենտրոններ, որպեսզի հետևեք կորոնավիրուսի դեմ իրականացվող պայքարի մոբիլիզացիային»,- նշվում է Հարիրչիին ուղղված նախարարի հաղորդագրության մեջ, որի պաշտոնական տեքստը հրապարակվել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական կայք էջում։

Փետրվարի 25-ին Հարիրչին հայտարարել էր, որ կորոնավիրուսի իր թեստի արդյունքները եղել են դրական։ Կորոնավիրուս հայտնաբերելու նախորդ օրը՝ Հարիրչին ելույթ էր ունեցել Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիի կազմակերպած մամլո ասուլիսի ժամանակ, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր պետական հեռուստատեսության եթերում։ Իր ելույթի ժամանակ Հարիրչին անընդհատ փռշտում էր և թաշկինակով սրբում դեմքը։

Իրանի առողջապահության նախարարությունը դեռ փետրվարի 21-ին հայտարարել էր երկրում կորոնավիրուսի առաջին դեպքի գրանցման մասին։ Վարակակիրը հայտնաբերվել էր Ղոմ քաղաքում։ Համաձայն պաշտոնական վերջին տվյալների՝ երկրում վարակակիրների թվը հասել է  10075-ի, իսկ մահացածների թիվը՝ 429-ի։

Քաղաքականություն