ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի բնակիչը 6 հոգու սպանելու պատվեր է տվել. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետևողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։

 

Մասնավորապես, պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը, շահադիտական դրդումներով, պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնելով կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ, խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո, և սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող՝ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար ընթացիկ ծախսերի համար։ Ի կատարումն կազմակերպչի ցուցումի՝ վերջինիս անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ կատարողը, վերահսկելով ապագա զոհի տեղաշարժը, 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։ Չբավարարվելով արդյունքով՝ ստացված պատվերն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ կազմակերպիչը ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը։

Բացի դրանից, նպատակադրվելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել նաև 5 ՀՀ քաղաքացու, պատվիրատուն հանձնարարել է վերահսկել նաև այդ անձանց տեղաշարժը՝ այդ գործընթացին ներգրավելով նաև իր մյուս ծանոթին՝ պատվերով սպանության իրականացման դյուրին պայմանների և ժամանակի ընտրությունը թողնելով իր հայեցողությանը։ Հիշյալ անձանց տեղաշարժը վերահսկելու, սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու նպատակով կազմակերպիչը կատարողի համար Երևան քաղաքում վարձակալել է բնակարան, տրամադրել է տրանսպորտային միջոց, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և տվել «ՏՏ» տեսակի ատրճանակ, խլացուցիչով ու նշանոցով ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ և դրանց տրամաչափի փամփուշտներ, որոնք մինչև 2020 թ. փետրվարի վերջը նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վարձակալած բնակարանում։ Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, կազմակերպիչը կատարողի հետ քննարկել և ընտրել է համապատասխան վայրեր ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, սակայն հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրա գործողությունները խափանվել են ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում։

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել և ձերբակալվել են։ Կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, անհերքելի ապացույցների համակցությամբ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ սպանությունների նախապատրաստման շարժառիթները, պատվիրատուներին և հանցավորության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը, հնարավոր այլ՝ այդ թվում արտերկրում կատարած  հանցադեպերը պարզելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ  հանցանքի մեջ կասկածվողը  կամ մեղադրվողը համարվում  է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։