Հայաստանում կա մի սուբյեկտ, որը ՍԴ-ին կարող է ուղարկել տուն և դա ՀՀ քաղաքացին է. Նիկոլ Փաշինյան

Նախորդ տարի խորհրդարանը Սահմանադրական դատարանի հետ կապված հանդես եկավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ: Այս մասին այսօր  Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ասվում էր, որ քանի որ ՍԴ-ում գործ է քննվում «Մարտի 1»-ի գործի հետ կապված եւ հաշվի առնելով փաստը, որ Հրայր Թովմասյանը նախկինում բազմիցս «Մարտի 1»-ի հետ կապված դիրքորոշումներ է արտահայտել, եւ հաշվի առնելով փաստը, որ Հրայր Թովմասյանը այն քաղաքական թիմի ներկայացուցիչ է, որը «Մարտի 1»-ով է եկել իշխանության, եւ հաշվի առնելով այն փաստը, որ անկախ դատական համակարգի էությունը ենթադրում է, որ շահագրգիռ անձը չպետք է մասնակցություն ունենա իր հետ առնչված թեմայի քննարկմանը, եւ քանի որ դա ընդունված է դատավորների շրջանում անել ինքնաբացարկի միջոցով, եւ քանի որ Հրայր Թովմասյանը ինքնաբացարկ չի հայտնել, ԱԺ-ն միջնորդել է, որ կարգապահական վարույթի շրջանակներում ՍԴ-ն քննի հարցը եւ Հրայր Թովմասյանին այդ հիմքով ենթարկի կարգապահական պատասխանատվության:

ՍԴ-ն քննեց այդ հարցը եւ ասաց՝ չէ, Ազգային ժողով, չնայած օրենքով դու իրավունք ունես նման կարգապահական վարույթ հարուցելու, բայց ես քո կարգապահական վարույթը չեմ քննում, որովհետեւ իմ մեկնաբանությամբ դու կարող ես մեզ միջնորդությամբ դիմել միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս կարգապահական վարույթ կհարուցենք, կարձանագրենք խախտումը»,-ասաց Փաշինյանը:

 

Փաշինյանը նաև նշեց, որ սրանով ՍԴ-ն բռնեց ու կամայական որոշմամբ ԱԺ-ին զրկեց այն լիազորությունից, որը հստակ օրենքներում ամրագրված է, իսկ ՍԴ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

 

Հիմա ՍԴ-ն գոնե այս հիմքով պետք է կարգապահական վարույթ հարուցեր, հասկանար՝ էստեղ ինչ-որ խնդիր կա, թե ոչ: Բայց ՍԴ-ն ոչ մի ռեակցիա չի տվել: Սա նշանակում է, որ ՍԴ-ն, ըստ էության, հրաժարվում է կատարել իր գործառույթները, իշխանության մյուս ճյուղերին զրկում է համանման գործառույթներից: Իրենք իրենց շուրջ պարիսպ են կառուցել, ասում են՝ մենք Հայաստանում բարձրագույն ատյան ենք, մեր ասածը ոչ ոք չի կարող բողոքարկել, քննարկի, մեզ ընհդանրապես ոչ մեկը չի կարող բան ասել:

 

Հայաստանում կա մի սուբյեկտ, որը ՍԴ-ին կարող է ուղարկել տուն: Կա մի սուբյեկտ, որ կարող է այս ՍԴ-ի գործունեությանը տալ գնահատական, եւ դա ՀՀ քաղաքացին է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ