Ապօրինի անտառահատումների դեպքերով դատապարտվածներ կան
Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարաքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել է 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2 %-ով պակաս։
Բարելավվել է այս բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակը: Միայն 2019թ. ընթացքում դատարան է ուղարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննված 38 քրեական գործ՝ 40 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարան է ուղարկվել 10 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ: Այսինքն դատարան ուղարկված քրեական գործերի թիվն աճել է 28-ով կամ 280%-ով, իսկ անձանց թիվը՝ 30-ով կամ 300%-ով։
Ավելին, հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն աճել է նաև դատարանում ավարտված քրեական գործերի թիվը: Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում դատարանում քննված քրեական գործերից մեղադրական դատավճիռներով ավարտվել է 27 քրեական գործ՝ 29 անձի վերաբերյալ, այն դեպքում, երբ 2018թ. ընթացքում դատարանում քննվել և ավարտվել են 7 քրեական գործ 7 անձի վերաբերյալ: Այսինքն աճը կազմել է մոտ 4 անգամ:
Հարկ է նշել, որ 2019թ. ընթացքում միայն Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հայտնաբերվել է բնությանը պատճառված շուրջ 322 մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում12.5%-ով։ Վերականգնվել է 3 մլն ՀՀ դրամ, որը 2018թ. համեմատ կրկնակի ավելի է: Չվերականգնված գումարի մի մասով կալանք է դրվել մեղադրյալների շարժական, անշարժ գույքի վրա, մյուս մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Բնապահպանական իրավախախտումների վերաբերյալ դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև քննությունների համակողմանիության ապահովման հացրում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Ապօրինի ծառահատումների դեպքերովհարուցվող յուրաքանչյուր քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում առերևույթ հանցավոր արարաքներին անտառային տնտեսություն վարող պատասխանատու պաշտոնատար անձանց՝ այս կամ այն կերպ հնարավոր ներգրավվածությանը:
Օրինակ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով քննվող 2 քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պարզել է, որ մի դեպքոմ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի, մյուս դեպքում «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիճ վերաբերմունքի հետևանքով ինքնությունը չպարզված անձինք իրականացրել են մեծածավալ ապօրինի հատումներ, որոնց հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ առաջինի դեպքում 5․6 մլն ՀՀ դրամի, երկրորդի դեպքում 23 մլն ՀՀ դրամիվնաս։ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր, ընթանում է նախաքննություն։
Մեջբերված օրինակները եզակի բնույթ չեն կրել: Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ապօրինի անտառահատումների շրջանակներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով հարուցվել է 6 քրեական գործ, որոնց մեծ մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ և 308-րդ հոդվածների հատկանիշներով: Մեղադրանքներ ենառաջադրվել, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության անտառապետին, նույն անտառպետության անտառապահին, «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառպետության 4-րդ պահաբաժնի անտառապահին։
Դատարան է ուղարկվել ապօրինի անտառահատումների հետ կապված կոռուպցիոն բնույթի 2 գործ՝ 3 անձանց նկատմամբ, որոնցով դատաքննությունն ընթացքի մեջ է։
Անտառային տնտեսություն վարող պաշտոնատար անձանց մասով դատարանում մեղադրողների կողմից միջնորդվում է հիմնական պատիժներին զուգահեռ նշանակել նաև լրացուցիչ պատիժներ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու տեսքով։