Անունը դրել եմ «սեղանի կոմբայն»․ Քոչարյան
Արդեն մոռացել ենք երևի կովիդի դեմ պայքարը. երեք անգամ ավելի շատ մահ ունեցանք, քան միջինում աշխարհում էր։ Սա ևս վատագույն սցենարն էր։ Այսօր երկրի այսպես կոչված առաջնորդը վատագույն սցենարների վարպետ է։ Այս մասին այսօր Հրազդանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհի հանձնմանը։
«Մի թքող պաշտոնյա ունենք, որն ասաց, թե մենք ենք հանձնել։ Երևի իրենց կարծիքով ճիշտ են արել, որովհետև վերջը՝ ձմեռը ձյուն կգա, պիտի ճանապարհը մաքրեն, փոսերին լատկա դնեն։ Այն գլխից հանձնեցին, թող Ադրբեջանը տառապի այդ ճանապարհը պահելով ու սպասարկելով։ Եթե տրամաբանությունը սա է, ուրեմն հերթով Սյունիք, Վարդենիս հանձնելով գալու են, որովհետև այդ շնորհքը իրենք չունեն՝ հող պահելու, երկիր պահելու և պաշտպանելու»,- հավելել է նա։
Քոչարյանը իշխանություններին մեղադրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու և երկիրը նոր արկածախնդրության մեջ մտցնելու համար՝ նշելով, որ դա արվում է Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալու համար։
Ըստ նրա՝ Հայաստանը պետք է և կարող է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի, թե՛ Վաշինգտոնի հետ, ինչն իրենք արել են նույնիսկ ամենաբարդ աշխարհաքաղաքական պայմաններում։
Քոչարյանը նաև նշել է, որ այս քաղաքականության պատճառով հսկայական հարված է հասցվելու գյուղատնտեսությանը, ինչից, նրա խոսքով, գործող վարչապետը ոչինչ չի հասկանում։
«Ինքը գյուղատնտեսական ապրանքների լուրջ սպառող է՝ ուտում է, ուտում է, ուտում։ Ես նույնիսկ անունը դրել եմ «սեղանի կոմբայն»։ Մարդիկ թթվածին են շնչում, չէ՞, սա ատելություն պիտի շնչի-արտաշնչի։ Սրա թոքերը այդպես են աշխատում՝ վիրուսակիր է ա՛հավոր։ Ինքը պրոբլեմի մաս չէ, հենց պրոբլեմը ինքն է՝ ոտից գլուխ»,- ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։