Քաղաքականություն

Վարդապետյանի խիստ նախազգուշացումը․ ընտրակաշառքի համար՝ անխուսափելի ազատազրկում, «զրո» հանդուրժողականություն

Վարդապետյանի խիստ նախազգուշացումը․ ընտրակաշառքի համար՝ անխուսափելի ազատազրկում, «զրո» հանդուրժողականություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ  տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընդառաջ՝ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մինչ օրս կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:


Հիշեցնենք, որ Աշխատանքային խմբի գործառույթներն ուղղված են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելուն, ուսումնասիրելուն, ստուգելուն, ըստ ենթակայության ուղարկելուն և դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելուն:



Աննա Վարդապետյանը, դիմելով դատախազներին, ընդգծել է. «Ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է ձեր աշխատանքով հանրության մոտ ձևավորել հստակ ընկալում, որ.


  • Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ:
  • Հանցագործություն է ոչ միայն ընտրակաշառք առաջարկելը կամ տալը, այլև ստանալը։
  • Հանցագործություն է քաղաքացիներին գումար, ծառայություն, նվեր, արտոնություն կամ այլ օգուտ առաջարկելը՝ նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։
  • Հանցագործություն է ընտրության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը:
  • Հանցագործություն է քաղաքական հավաքների կամ ընտրական միջոցառումների մասնակցության համար մարդկանց վճարելը։
  • Հանցագործություն է ընտրողին նյութապես շահագրգռելը՝ անկախ նրանից, թե այն ինչ անվան տակ է ներկայացվում, օրինակ՝ բարեգործություն։


Ընտրական գործընթացի հետ կապված յուրաքանչյուր հանցագործություն անկախ ներգրավված անձանց քանակից, ընտրակաշառքի չափից, ձևից, ընտրողների կամքի վրա ազդեցության եղանակից, դերակատարներից արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի: Հաջորդիվ մեր աշխատանքը նույն տրամաբանությամբ պետք է շարունակվի: Եվ այս գործընթացի արդյունքը ընտրական հանցագործությունների նկատմամբ «զրո» հանրային հանդուրժողականությունը պետք է լինի»,- ասվում է դատախազի հայտարարությունում: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250